Ջեյմս Ուորլիկը, հավանաբար, լի է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վճռականությամբ

Ջեյմս Ուորլիկը, հավանաբար, լի է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վճռականությամբ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը, հավանաբար, լի է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վճռականությամբ. այդ նպատակով նա մտադիր է գործել իրատեսության և պրագմատիզմի հենքի վրա: «Մոտենում է հրադադարի կնքման 20-րդ տարեդարձը, և ես գտնում եմ, որ խաղաղության հասնելու ու տարածաշրջանի բարգավաճման ուղին գտնելու ճանապարհ է հարկավոր»,- ասել է Ջեյմս Ուորլիկը Բաքվում կայացած ճեպազրույցում: Ըստ նրա, ժամանակն է, որ Մինսկի խումբը, նրա համանախագահները, Ադրբեջանը, Հայաստանը և տարածաշրջանի մյուս երկրները միասին աշխատեն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության հաստատուն կարգավորման համար, հայտնում է APA գործակալությունը:

«Ես այստեղ եմ երկու կողմերին լսելու և իրավիճակը լավագույնս պատկերացնելու համար:Այստեղ եմ ոչ թե անցյալի, այլ հակամարտությունը կարգավորելու համար ապագային նայելու միտումով»,- ասել է նա՝ նշելով, որ անհամբեր սպասում է, թե երբ է սկսելու համատեղ աշխատել Ֆրանսիայից և Ռուսաստանից իր գործընկերների հետ: Նա հավելել է, որ մտադիր է «իր գործունեությունն իրականացնել իրատեսության և պրագմատիզմի հիման վրա, որպեսզի երկու կողմերը գտնեն հակամարտության հաստատուն լուծումը»:

«Հակամարտությունը արդեն 20 տարեկան է, շատերն են փորձել նպաստել լուծումը գտնելուն: Հուսով եմ, որ ժամանակն է բոլոր կողմերին գիտակցելու, որ երկարատև խաղաղությունը բխում է իրենց շահերից»,- ասել է Ուորլիկը:

Բաքվից հետո Ուորլիկը կայցելի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Սա Ուորլիկի առաջին այցն է տարածաշրջան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: Ջեյմս Ուորլիկը նշանակվել է այդ պաշտոնում անցած ամիս:

Նախօրեին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը, որտեղ վերջինս գրում է, որ «ժամանակն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար փոխզիջման հիման վրա նոր ջանքեր գործադրել»:

«Հուսով եմ, որ դեսպան Ուորլիկի հարուստ դիվանագիտական փորձը և առաջխաղացման հասնելու ձեր կառավարության ցանկությունը նոր խթան կհաղորդի համանախագահների աշխատանքին ու խաղաղ գործընթացին: Ես սատարում եմ Հայաստանի հետ առաջիկա ամիսներին անմիջական երկխոսության հնարավորությանը, համանախագահների ունակությանը՝ բանակցություններում այժմ տիրող անհույս իրավիճակից դուրս գալու համար ուղիներ որոնելուն»: Օբաման վստահ է, որ ժամանակն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար նոր ջանքեր գործադրել բանակցություններում ձեռք բերված փոխզիջման հիման վրա:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---