«Երևան շոու-2013». Հայ ոսկերիչները ձգտում են հետևել նորաձևության միտումներին![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված մասնագիտական տոնին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը: Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին այս տարի ևս մասնակցում են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև շուրջ 140 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, լավ հնարավորություն է ընձեռում տեղական ընկերություններին՝ սպառման նոր շուկաներ գտնելու համար: Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ Ոսկերչի օրը նշվում է որպես պետական տոն: Ցուցահանդեսը նպատակ ունի ավելի ճանաչելի դարձնել հայ ոսկերիչներին աշխարհում: Ոսկերչական գործի շուրջ 120 վարպետներ են ժամանել ԱՊՀ երկրներից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից: Նրանք ներկայացրել են թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից, մարգարտից պատրաստված զարդեր, ժամացույցներ, ինչպես նաև բիժուտերիա: Ներկայացված են նաև ոսկերչական արտադրության սարքավորումներ ու գործիքներ: Ցուցանմուշները վկայում են այն մասին, որ հայ ոսկերիչները ձգտում են հետևել համաշխարհային նորաձևության միտումներին: Այս տարի ցուցահանդեսի պատվավոր հյուրերն են ոսկերչության հայտնի համաշխարհային դեմքեր, մասնավորապես, Համաշխարհային ոսրկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին, ինչպես նաև Malca-Amit Global Limited հայտնի ընկերության ղեկավար Նայջել Փաքսմանը: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է անցկացնել «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովը, որի ընթացքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը կներկայացնի միության՝ Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը: Համաժողովում կներկայացվի նաև «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» նորաստեղծ հետազոտական Հայ ոսկերիչների հիմնադրամը: Խորհրդաժողովում կներկայացվի նաև AJA նոր հետազոտական հիմնադրամը՝ ArmenianJewellersFoundation – AJF-ն: Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գործում է 27 ոսկերչական ընկերություն, որտեղ աշխատում է շուրջ 230 մարդ: Ոսկերչական իրերի արտադրության ծավալը Հայաստանում 2013 թ. հունվար–օգոստոսին կազմել է 11,8մլրդ դրամ' 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14,6 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 759,1 կգ ոսկերչական իրեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 703,9 կգ դիմաց (աճը՝ 7,8%). Ադամանդների արտադրության ծավալը Հայաստանում այս տարվա հունվար–օգոստոսին կազմել է 58 927 կարատ' 2012 թվականի հունվար–օգոստոսի համեմատ ավելանալով 49, 2 տոկոսով: Միաժամանակ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներից և դրանցից պատրաստած իրերի արտահանումն այս տարվա հունվար–օգոստոսին կազմել է 120,3 մլն դոլար: 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5,9 %: Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) հիմնադրվել է 1997թ.–ին։ AJA–ն Հայաստանի զարգացման և միջազգային առևտրային ասոցիացիաներից մեկն է։ AJA–ի նպատակն է համախմբել հայ ոսկերիչներին, որպեսզի զարգացնի երկրի ոսկերչական արդյունաբերությունը։ Ասոցիացիան տարածաշրջանային ներկայացուցիչներ ունի ԱՄՆ–ի արևմտյան և արևելյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |