Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կողմերն ուզում են դուրս գալ փակուղուց

Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կողմերն ուզում են դուրս գալ փակուղուց

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս Վիեննայում կայացած հանդիպումն ու ԱԳ նախարարների կիևյան բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իրոք ցանկանում են դուրս գալ այս փակուղային իրավիճակից: Այդ մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ինձ հաճելի էր, որ վերջին հանդիպումը Կիևում նախարարների համար նուրբ ու բարդ հարցեր քննարկելու՝ առաջ շարժվելու ուղիներ գտնելու համար շանս դարձավ:

Նրանց գործակցությունն առաջիկա շաբաթներին հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման իրական հնարավորություն է, թեև պետք է խոստովանել, որ առաջընթացն ամենաբարձր մակարդակով քաղաքական կամքի դրսևորում է պահանջում»,- ասել է համանախագահը:

Ըստ նրա, նախարարները պայմանավորվել են արդեն ձեռք բերվածի հիմքով շարունակել համատեղ աշխատանքը: «Միևնույն ժամանակ, բոլոր կողմերը բաց են կայուն կարգավորման ուղիների որոնման քննարկումների համար: Առաջիկայում ևս կսատարենք այդ բանակցություններին»,- ասել է ամերիկացի համանախագահը, հայտնում է APA գործակալությունը:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն ու առանձնազրույցն էին: Ավելի ուշ նախագահներին էին միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշել էին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը նախագահները քննարկել էին հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---