Ցինկեր. Հայաստանի փոխլրացման քաղաքականությունն ավարտին է մոտենում

Ցինկեր. Հայաստանի փոխլրացման քաղաքականությունն ավարտին է մոտենում

PanARMENIAN.Net - Հավանաբար, Հայաստանի փոխլրացման քաղաքականությունն ավարտին է մոտենում: ԵվրԱզԷՍ նիստում դեկտեմբերի 24-ին հաստատվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Շատ հնարավոր է, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին պարտադրված, բայց միանգամայն բնական քայլ է, ապագան ցույց կտա: Հարցն այլ է: Ի՞նչ անել Լեռնային Ղարաբաղի հարցում: Ի դեպ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, թե Ղազախստանը կստորագրի «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ «բաց է մնում այն հարցը, թե ղարաբաղյան հակամարտության հետ կապված որտեղ է լինելու Մաքսային միության սահմանը Հայաստանում»: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը:

«Եվ իրոք, ցանկացած պետական օրենք, միջազգային պայմանագիր ու դաշինք որոշում է, թե որ սահմաններում են գործելու ընդունված օրենքներն ու պայմանավորվածությունները: Եվ կարևոր չէ, թե ինչպես է կոչվում միությունը՝ եվրոպական թե եվրասիական: Խնդիրն ակնհյատ է. կմտնի՞ Լեռնային Ղարաբաղի տարածքը ՄՄ գործողության դաշտ, թե ոչ: Հասկանալի է, որ դե-յուրե չի մտնի: Ի՞սկ ֆե-ֆակտո: Չէ, որ գաղտնիք չէ, որ սահմանները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև, հատկապես տնտեսական, բավականին լղոզված են:

Ինձ թվում է, որ այս իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը եզակի հնարավորություն ունի մեռյալ կետից շարժելու ղարաբաղյան կարգավորումը: Հարկավոր է օգտվել իրավիճակից, երբ Ռուսաստանը միանգամայն շահագրգռված է, որ ՄՄ սահմաններն ընդլայնվեն ու Հայաստանն որքան հնարավոր է շուտ անդամակցի միությանը: Ուստի, անհրաժեշտ է օգտագործել պատեհ առիթը Լեռնային Ղարաբաղի թեկուզ նույնիսկ ոչ պաշտոնական մասնակցությունը ՄՄ տնտեսական գործողություններին ապահովելու համար: Միշտ պետք է ինչ-որ բանից սկսել…»,-ասել է նա:

Դեկտեմբերի 24-ին ստորագրվեցին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») մասին որոշումն ու հայտարարությունը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, որն անցնում էր պետությունների ղեկավարների մակարդակով:

Ինչպես հայտարարեց, բացելով նիստը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2014 թվականի մարտի 1-ին պետք է ձևակերպվի Մաքսային միության շրջանակներում մնացող սահմանափակումների ցանկն ու որոշվեն դրանց վերացման կոնկրետ ժամկետները: Ըստ նրա, ինտեգրացիոն առավել մեծ արդյունք է նկատվում, որբ կոոպերացիան առավել խորն է ու ընդգրկում է բոլոր ոլորտները: Այդ դեպքում, վստահ է ՌԴ նախագահը, տնտեսական համակարգը առավել արդյունավետ կգործի:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---