Ռ.Քոչարյան. Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - «Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցին, որը դիմել էր նախագահին` խնդրելով մեկնաբանել Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը` ապրիլի 19-ին գերմանական Frankfurter Allgemaine թերթին տված հարցազրույցում: Այդ հարցազրույցում խորհրդարանի նախագահը, մասնավորապես, ասել էր, որ «Հայաստանի ապագան Եվրոպական Միությունը եւ ՆԱՏՕ-ն է» եւ «Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա տանող մեր ճանապարհին»: Մեկնաբանելով այս հայտարարությունը, Ռ.Քոչարյանը հայտարարել է. «Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն անփոփոխ է: Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում մեր երկիրն ընդլայնում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի` որպես անվտանգության ապահովման հարցերով եվրոպական առանցքային կազմակերպության հետ: Մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն` հատկապես Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման եւ խաղաղապահ գործունեության հարցերում: Սակայն Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: Անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը բավարար չափով լուծում են երկրի անվտանգության ապահովման խնդիրը»: Ըստ Հայաստանի նախագահի, այսօր Հայաստանը պատրաստվում է ավելի սերտ համագործակցության ԵՄ հետ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում, սակայն մենք չենք ձեւակերպում Եվրոպական Միությանն անդամակցելու խնդիրը: Հայաստանը եվրաատլանտյան ամբիցիաները հավասարակշռված են, իրատեսական, դրական են ընկալվում եվրոպական կառույցների կողմից եւ խնդիրներ չեն ստեղծում Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: Միեւնույն դիրքորոշումը մենք հնչեցնում ենք ե'ւ Մոսկվայում, ե'ւ Բրյուսելում, ե'ւ Վաշինգտոնում»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
---