Թուրքիայի ճարտարապետության վիրտուալ թանգարանն այցելուներին ծանոթացնում է հայկական ժառանգության հետ15 փետրվարի 2014 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ճարտարապետության վիրտուալ թանգարանն այցելուներին սկսել է ծանոթացնել հայկական ժառանգության հետ: Այն ներկայացնում է առկա փաստաթղթերը, որոնք առնչվում են Թուրքիայի, ինչպես նաև համաշխարհային ճարտարապետության ժառանգությանը, որոնք մինչ այս պահվում էին արխիվներում: Բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը թվայնացված են: Վիրտուալ թանգարանը ներկայացնում է այցելուներին նաև հայկական ժառանգությունը: Հայ ճարտարապետներն Օսմանյան կայսրության օրոք մեծ ավանդ են ունեցել պալատական համալիրների ու պաշտոնական շինությունների կառուցման գործում: Ստամբուլն այժմ անհնար է պատկերացնել առանց Սինանի, Բալյանների ընտանիքի ներկայացուցիչների հեղինակած կառույցների: Առանձնակի տեղ են գրավում կայսրության հայ ճարտարապետների շարքում Բալյանները, որոնք 5 դար շարունակ՝ XVIII- XIX դդ., եղել են Օսմանյան կայսրության արքունական ճարտարապետները: Այդ ընթացքում նրանք բազում պալատներ, մզկիթներ ու եկեղեցիներ են կառուցել Ստամբուլում: Այդ տոհմի բոլոր ներկայացուցիչները վարպետորեն զուգակցել են եվրոպական ու օսմանյան ճարտարապետական ավանդույթները, ինչը թույլ է տվել նրանց այդքան երկար մնալ առաջատար դիրքերում: Տոհմի հիմնադիր է համարվում ոմն Բալյանը, որին թուրքերը անվանում էին Մերեմեթչի Բալի Ղալֆա, Անատոլիայի Բելեն գյուղակից: Շուտով նա տեղափոխվեց Ստամբուլ, որտեղ և մեծ հաջողությունների հասավ արքունիքում որպես ճարտարապետ: 1725-ին նրա մահից հետո արքունական ճարտարապետի տեղը գրավեց նրա որդի Մաղարը: Նա շուտով դժգոհության առիթ տվեց ու արտաքսվեց Բայբուրտ, սակայն հետագայում ներում ստացավ և նրա որդիներ Գրիգորն ու Սենեքերիմ Բալյանները կարողացան նույնպես դառնալ արքունիքի ճարտարապետները: 19-րդ դարում Օսմանյան կայսրությունը կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Արևմուտք՝ հռչակելով Թանզիմաթ (Վերակազմավորում) 1839-ին և Իսլահաթ (Բարեփոխում) 1856-ին: Արևմտյան փոփոխությունների քամին զգացվեց նաև ճարտարապետությունում: 1883-ին հիմնվեց գեղեցիկ արվեստների կայսերական դպրոցը՝ մինչ այդ Թուրքիայում հատուկ ճարտարապետական կրթություն գոյություն չուներ: Եվրոպացիները մի քանի նոր շենքեր նախագծեցին ու կառուցեցին, նրանք Ստամբուլ էին ժամանել կառուցելու համար իրենց երկրների դեսպանատները, իսկ հետո արդեն սկսեցին աշխատել նաև այլ նախագծերի վրա: Բալյանների ընտանիքի ճարտարապետները մասնակցեցին գրեթե բոլոր շենքերի կառուցմանը: 19-րդ դարի սկզբում արևմտյան այդ հովերի ժամանակաշրջանում Բալյանները մեծ դեր ունեցան Ստամբուլի արտաքին տեսքի վերափոխման մեջ: Նրանցից ամենահայտնին Կարապետ Բալյանն էր, որը կառուցել է մզկիթներ, քրիստոնեական եկեղեցիներ ու պաշտոնական հաստատությունների շենքեր: Հնարավոր չէ չհիշատակել մեծն Սինանին, որը ծնվել է 1489-ին Աղրնաս գյուղում Կայսերիից ոչ հեռու հայ քրիստոնյաների ընտանիքում: Ծնվելուց նրան անվանակոչել են քրիստոնեական Հովսեփ անունով: Նրա հայրը քարտաշ էր ու հյուսն, ուստի Սինանը տակավին պատանի տարիքում լավ հմտություններ ձեռք բերեց այդ արհեստներում, ինչն էլ հետագայում ազդեց նրա կարիերայի վրա: Թոփկապի պալատի գրադարանում երեք ոչ ծավալուն ձեռագիր կա, որոնք Սինանը թելադրել է իր կենսագիր Մուստաֆա Չելեբի Սային: Այդ ձեռագրերում Սինանը բացահայտում է իր պատանեկության ու զինվորական ծառայության որոշ մանրամասներ: Նշենք, որ Թուրքիայում չեն ողջունում Սինանի հայկական ծագման մասին հիշատակությունները: Իր կյանքի ընթացքում Սինանը մոտ 300 շենք է կառուցել՝ մզկիթներ, դպրոցներ, բարեգործական ճաշարաններ, հիվանդանոցներ, կամուրջներ, քարավան-սարայներ, պալատներ, բաղնիքներ, դամբարաններ ու շատրվաններ, հիմնական մասը՝ Ստամբուլում: Նրա ամենահայտնի շինությունների թվին են պատկանում Շեխզադեի մզկիթը, Սուլեյմանիե մզկիթը և Սելիմիե մզկիթն Էդիրներում: Նրա ոճում զգացվում է Սուրբ Սոֆիայի տաճարի ճարտարապետության ազդեցությունը: Սինանին հաջողվեց կյանքի կոչել իր երազանքը՝ վերականգնել Սբ Սոֆիայի տաճարի գմբեթը: Սինանը մահացել է 1588-ի փետրվարի 7-ին, հուղարկավորվել է իր իսկ հեղինակած դամբարանում Սուլեյմանիե մզկիթի մոտ: Բալյանների ընտանիքից բացի, թանգարանի նյութերը պատմում են նաև Հովհաննես և Հարություն Սերվերյանների, Արամ Թաթարջյանի, Սարգիս Թաշչյանի, Երվանդ Թերզյանի ու շատ ուրիշների մասին: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |