Լուրեր առաջնագծից. Անցած շաբաթ ադրբեջանցիները հրադադարը խախտել են մոտ 250 անգամ

Լուրեր առաջնագծից. Անցած շաբաթ ադրբեջանցիները հրադադարը խախտել են մոտ 250 անգամ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Փետրվարի 6-ին Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Սակայն ադրբեջանական ստորաբաժանումներն, անտեսելով կոչերն ու պայմանավորվածությունները, շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---