9  26.03.14 - Քեսաբում վերջին իրադարձությունների առնչությամբ մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի գրասենյակ պահանջ-նամակ հանձնեցին
11  26.03.14 - Ազգային ժողովի քառօրյա նիստ

Թուրքիան ժխտում է՝ Քեսաբի վրա իր տարածքից չեն հարձակվել, նաև առաջարկում քեսաբահայերին ապաստան տալ

Թուրքիան ժխտում է՝ Քեսաբի վրա իր տարածքից չեն հարձակվել, նաև առաջարկում քեսաբահայերին ապաստան տալ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը Լաթակիայում ապաստանած Քեսաբի սիրիահայերին աջակցելու համար անում է հնարավորը։ Այդ մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀԿ-ակա Կարեն Ավագյանի հարցին ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Այսօր ԱԺ պատվիրակությունը Լաթակիայում հանդիպել է քեսաբահայությանը, հիմա էլ են հանդիպման։ Մի 2 ժամից կվերադառնան Դամասկոս, որտեղ վաղն էլ հանդիպումներ ունեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ քեսաբահայերը հիմա բավական ծանր կացության մեջ են։

Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հերքում է Քեսաբի ու շրջակա գյուղերի վրա հարձակման ժամանակ իր տարածքն օգտագործելու և իր կողմից զինյալներին օժանդակելու մասին պնդումները՝ դրանք որակելով անհիմն և սխալ:

«Գտնում են, որ որոշ շրջանակների՝ Քեսաբի շրջանում դեպքերի և անցյալի ցավալի իրադարձությունների միջև զուգահեռներ տանելու ջանքերը քաղաքական քարոզչության փորձեր են և դատապարտում ենք դրանք:

Համաձայն մարդասիրական և բարոյական պատասխանատվության, Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին Սիրիայի Քեսաբի շրջանի հայերին իր երկրում ընդունելու և նրանց անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին: Բացի այդ՝ հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացվել են այս հարցի շուրջ պաշտոնական ուղիներով:

Սիրիահայերի, ինչպես նաև մյուս սիրիացիների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու»,- ասված է հայտարարության մեջ, գրում է «Սիվիլնեթ»-ը։

Արդեն մի քանի օր է Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում: Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 500 հայ ընտանիք Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում։

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, երբ պատգամավորները վերադառնան՝ կներկայացնեն մանրամասները, իսկ նախարարությունն իր հերթին շարունակելու է «բոլոր հնարավոր խողովակներով» իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Անդրադառնալով Կարեն Ավագյանի մյուս հարցին, թե ինչպես երիտկազմակերպությունները, որոնք ուզում են նյութական օգնություն ցուցաբերել սիրիահայերին, կարող են այն տեղ հասցնել, նախարարն ասաց, որ եթե կա նման հրահավորություն, ապա կարելի է դա կազմակերպել սփյուռքի նախարարության միջնորդությամբ, ինչպես դա արվում էր Դամասկոսի դեպքում։

Նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել էր, որ Լաթակիա ուղևորվելու նպատակով մի խումբ պատգամավորներ են մեկնել Սիրիա: Պատվիրակության կազմում են ոչ միայն հանրապետականներ Սամվել ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանն ու Նաիրա Կարապետյանը, այլև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորները պիտի տեղում ծանոթանան իրավիճակին, իսկ վերադառնալուն պես այն կներկայացնեն խորհրդարանին:

Իր հերթին ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշել է, որ Լաթակիայում պատգամավորների պատվիրակության հետ է նաև Սիրիայում ՀՀ դեսպանը, առաջիկայում հանդիպելու են հայ ընտանիքներին, գրում է Panorama.am-ը։

Իսկ մինչև այդ Երևանի կենտրոնում այսօր «Քեսաբը կդառնա հայոց վրիժառության օջախ», «Քեսաբը պարտադրում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ, հայտարարվում է զորահավաք» գրառումներով պաստառներով տասնյակ երիտասարդներ Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ պահանջ-նամակ հանձնելու։ Ասում են՝ այս կերպ միջազգային հանրության ուշադրությունն են ուզում կենտրոնացնել տեղահանված քեսաբահայության խնդրի վրա, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Գործընթացը, ըստ էության, ցեղասպանության շարունակությունն է։ Թուրքիան խնդիր է դրել ամբողջ իր սահմանը մաքրել հայերից։ Մեր միասնությամբ ուզում ենք ոգեկոչել սիրիահայերին, որ հայությունն անտարբեր չէ իրենց խնդրի նկատմամբ և մենք աջակցում ենք», - ասել է նախաձեռնության անդամ Արման Մխիթարյանը։

Մասնակիցներից Սերգեյ Դալլաքյանի խոսքով՝ իրենց անհասկանալի է ՄԱԿ-ի լռությունը, հատկապես այն պարագայում, երբ հիմա արդեն Լաթակիայում ապաստանած քեսաբահայերին է վտանգ սպառնում․

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի ուշադրությունը կենտրոնացել է հայերի վրա՝ Հալեպում ռմբակոծեցին հայկական եկեղեցին, այս ամենը ցույց է տալիս, որ Սիրիայում գնում է հայերի կոտորած, իսկ ՄԱԿ-ը ձայն չի հանում»։

Մինչև նամակը հանձնելը նախաձեռնության անդամները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթերցել են այն: «Կոչ ենք անում պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը կանխող այլ գործողությունները։ Իսկ Թուրքիան՝ հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ, խախտում է այս կանոնադրությունը, իսկ ՄԱԿ-ն իր լռությամբ փաստացի աջակցում է Թուրքիայի անօրինական գործողություններին։ Կոչ ենք անում դատապարտել Թուրքիայի անօրինական գործողությունները»։

Միջազգային մակարդակով Քեսաբի շուրջ կանխարգելիչ քայլերի բացակայության պարագայում երիտասարդները խոստանում են սեփական ուժերով օժանդակել քեսաբահայերին՝ զորահավաք հայտարարել և անցնել պայքարի։

«Զինված ջոկատները հայկական թաղամասերի պաշտպանության համար լավագույն հոգեբանական աջակցությունը կլինի սիրիահայ համայնքին։ Կամավորներ շատ կան»,- նշել է Մխիթարյանը։ Քաղաքացիական շարժման անդամներին դիմավորել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Բրեդլի Բուզետտոն: Վերջինս շարժման մասնակիցներից վերցրել է նամակը, շնորհակալություն հայտնել ու նորից մտել գրասենյակ:

Մամուլի ասուլիսում անդրադառնալով Քեսաբի դեպքերին, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը նշել է, որ ուկրաինական իրադարձությունները բերեցին նոր հանգրվանի՝ Թուրքիայում պայթեցվում է համաշխարհային հաջորդ պրոբլեմն ընդդեմ Ռուսաստանի, որը նաև այլ խնդիրներ լուծելու համար է:

Ըստ նրա, այս իրադարձություններում ներքաշված է նաև Հայաստանը. հայաբնակ Քեսաբ ներխուժեցին ուժեր, որոնց ճամբարները գտնվում են Թուրքիայում. «Նրանք ներկայացան ու ասացին մեկ հարց՝ հայերը պետք է հեռանան»:

Մանուչարյանի դիտարկմամբ, թուրքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նման քայլի չպետք է դիմեին, քանի որ վերջին շրջանում Թուրքիան աշխատում էր աշխարհին ցույց տալ, որ փորձում է հարաբերությունները կարգավորել հայերի հետ:

«Թուրքիային դա պետք չի, բայց անում է՝ դրդված ինչ-ինչ ուժերի կողմից: Մեր հասարակությունը պետք է հստակ հիշի, ովքեր էին դրդում թուրքերին մտնել Սիրիա»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին հերթին ԱՄՆ-ն էր պահանջում, որ Թուրքիան միջամտի սիրիական հակամարտությանը:

Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանիհամոզմամբ, բոլորին ծանոթ է Սիրիայի տագնապը, որն արդեն երրորդ տարին է թևակոխում։ Ինչ վերաբերում է Քեսաբին, ասում է` Կիլիկիայի վերջին մնացորդները վտանգված են: «Մեր կարծիքով պետությունն իր դերը առավելագույն կերպով կկատարի, բայց այն հարցը, որ քեսաբցիները կարող են վերադառնալ, շատ արագ չի լինի: Դա մի քիչ ժամանակ կպահանջի, մինչև հիմնական տարածաշրջանը ապահով լինի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է Յուզբաշյանը:

Հալեպի Ազգային իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Ներսես Սարգիսյանն էլ իր հերթին նշել է, որ մի քանի հայ ընտանիք այդպես էլ չի լքել Քեսաբն ու նրանցից լուրեր չկան։ Ըստ նրա, հարցով զբաղվում են Կարմիր մահիկը, Կիլիկո կաթողիկոսությունը, ՀՕՄ-ը, սակայն ամբողջական խնդիրը հանձնված է Սիրիայի ազգային իշխանություններին ու շտաբ մարմնին:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների արձագանքին, Սարգիսյանը նշել է, որ մեծամասամբ խոսվում է ազգային փոքրամասնությունների իրավունքներու մասին, ինչն ընդհանրական է, մինչդեռ Քեսաբն ազգային հարց է․

«Այն պատմական Հայաստանի վերջին մնացորդացն է: Այս հարցում թուրքական պետությունը հստակ դերակատարություն ունի, այն թույլ է տվել, որ ծայրահեղ իսլամիստները սահմանը հատեն և թափանցեն Քեսաբ»,- ասել է նա, գրում է «Առավոտ»-ը:

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարություն էր արել։ Նախագահն իր մտահոգությունն էր հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ` հիշelwv Քեսաբի պատմությունը, «որը վերջին հարյուրամյակի ընթացքում հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»:

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունն ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել էր նախագահ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---