Ըստ ԼՂՀ ԱԳ նախարարի, ճնշումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում չեն աճել![]() 21 մայիսի 2014 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը չի կիսում վերջին շրջանում բարձրաձայնվող կարծիքները, թե ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում այսչափ ճնշումներ չեն եղել` հաշվի առնելով միջնորդների, միջազգային հանրության կոչերը, որոնք ըստ էության հակասում են ղարաբաղյան կողմի դիրքորոշումներին: «Միանշանակ չեմ կիսում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միրզոյանը: - «Ես չեմ տեսնում որևէ ճնշում ղարաբաղյան կողմի վրա: Խոսքը գնում է նորմալ բանակցային գործընթացի, զարգացումների վերաբերյալ: Երբ որ գնում է բանակցային գործընթաց, ակնհայտ է, որ թե' կողմերը, թե' համանախագահողները պետք է արտահայտեն իրենց տեսակետները, իրենց մոտեցումները: Եվ այստեղ օգտագործել ճնշում բառը, ես կարծում եմ, տեղին չէ»: Հարցին, թե ինչով է բացատրվում այն, որ ԼՂ արտգործնախարարությունը, ի տարբերություն պաշտոնական Երևանի, բավականին կոշտ արձագանքեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուրլիքի հրապարակած` հակամարտության կարգավորման վեց սկզբունքներին, նախարարն արձագանքեց. - «Ես բնական եմ գտնում, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը, այսինքն ոչ թե դիրքորոշումը, այլ որդեգրած ուղին որոշակի տարբերություններ են ունենում: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք միակարծիք ենք նպատակի վերաբերյալ, բայց բնական է, որ յուրաքանչյուր կողմը որոշակի ճանապարհ է նախընտրում այդ միասնական ընդհանուր նպատակին հասնելու համար», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը: Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը: Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: Իր հերթին, ինչպես հայտնում է Armenia Today-ը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը չի կարող այդքան շուտ հանգուցալուծվել»: «Ադրբեջանի իշխող վերնախավի համար ռացիոնալ ու անհրաժեշտ է պահել Ղարաբաղի գործոնը որպես երկիրը համախմբող գործոն, իսկ ղարաբաղյան հարցը փոխզիջումներով լուծելն այդ վերնախավի համար անընդունելի է»,-գտնում է Իսկանդարյանը: Ըստ նրա, բանակցային գործընթացում միմյանց օգնելու փորձեր չկան, այն, ինչ այսօր է կատարվում հերթական պատերազմն է ուղղակի առաջարկությունների, թղթերի ու հայտարարությունների մակարդակով: Քաղաքագետը պատճառներ չի տեսնում բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխման համար, սակայն դրանք կարող են ձևավորվել: «Բայց դրա համար ինչ-որ բան պետք է տեղի ունենա, նման տիպի հակամարտությունները արագ չեն կարգավորվում: Հայաստանում սխալ վերաբերմունք է հակամարտության ընթացքի հանդեպ: Հայերն ասում են, որ անցել է արդեն 20 տարի, իսկ ես ասում եմ՝ ընդամենը 20 տարի է անցել»,-ասել է Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի, այդպիսի հարցերը հեշտ չեն լուծվում և դա պատահական չէ: «Նման հակամարտությունները խնդիրների բավականին լուրջ համալիր են, որոնց հանգուցալուծումը հատուկ ու շատ նուրբ աշխատանք է պահանջում, սակայն կողմերը չեն ցանկանում ձեռնամուխ լինել դրան»,-վստահ է փորձագետը: Ըստ Իսկանդարյանի, և կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ է, որ ոչինչ չի փոխվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |