Թուրք գիտնական. Հարցը ներումը չէ, դա շատ անհատական է, այլ Ցեղասպանությունը ճանաչելն է![]() 22 մայիսի 2014 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Բեյրութի Սբ Հովսեփ համալսարանում Պողոսյան հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երկխոսության վերսկսում. Հայերի ու թուրքերի օրինակը» միջազգային սիմպոզիումը: Ըստ համալսարանի աշխատակից Ահմեդ Ինսելի, թուրքերն ապրում են Օսմանյան կայսրության կորստի ցավով: «Այդ խոցը բռնության հիմքն է, որը կարող է ցանկացած պահի սկսվել: Բռնության բռնկումը կապված կլինի վախերի ու բռնության պատմության հետ, որը հիմնված է մի քանի տաբուների վրա, որոնք վերաբերում են Թուրքիայում հայերի ճակատագրի քննարկումներին»,-ասել է Ինսելը: Իր հերթին արվեստների բաժնի դեկան Քրիստին Բաբիկյանը նշել է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունն ապրիլի 24-ի շեմին, որտեղ նա ցավակցություն է հայտնում հայերի ժառանգներին, միևնույն ժամանակ արտահայտում է այն վիշտը, որը կապված է Օսմանյան կայսրությունը կորցնելու հետ, որպես միլիոնավոր թուրք քաղաքացիների համար դժվարին մի շրջանի: Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը սկսվեց 1945 թվականին, երբ հայկական Սփյուռքը իր պահանջները ներկայացրեց ՄԱԿ-ին՝ խնդրելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա միջազգային կազմակերպությունների միջոցով: Հայերն ակտիվացրեցին Ցեղասպանությունը ճանաչելու պահանջները 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակից հետո: Իսկ 1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ բոլոր նախագահները Ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության գերակա խնդիր են համարել: Ինչ վերաբերում է հաշտեցման հեռանկարներին, ապա Ինսելը կարևորել է թուրք քաղաքացիների համար սեփական նույնականացման վերաիմաստավորումը: «Մենք պետք է բացատրենք Թուրքիայի քաղաքացիներին, որ պատասխանատվությունը Ցեղասպանության համար կրում է ոչ թե ժողովուրդը, այլ պետական պաշտոնյաները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել դրան: Բայց քանի որ այսօր այդ ոճրագործներն արդեն հեռացել են կյանքից և չեն կարող դատարանի առջև կանգնել, մենք, առնվազն, չպետք է նրանց հերոսներ համարենք, մենք պետք է վերանվանենք նրանց անունները կրող փողոցներն ու դպրոցները: Հարցը ներումը չէ, քանի որ ներումն անհատական է, այլ Ցեղասպանությունը ճանաչելը»,-ասել է Ահմեդ Ինսելը, գրում է L’Orient-Le Jour-ը: Սիմպոզիումին ներկա է եղել Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս XIX-ը, ինչպես նաև զեկուցողներ Եվրոպայից, Լիբանանից ու Թուրքիայից: Կողմերը նշել են, որ հայերի համար հաշտեցման ցանկացած գործընթաց սկսվում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից, այն դեպքում, երբ թուրքերն ապրում են Օսմանյան Թուրքիայի քաղաքական, կրոնական ու սոցիալական համակարգի հանդեպ կարոտախտով, որտեղ մահմեդական իրավունքն ամենից առավել էր: Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար: Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»: Մեծն շանսոնյե, հայ գաղթականների զավակ Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայ ժողովրդին «ներողություն» խնդրելու իրավունք չունի, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ի պատասխան Էրդողանի հայտարարության «1915 թվականի իրադարձությունների մասին», նշել է. «Ժամանակի հետ ավելի հաճախ հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ՝ Անկարան փորձում է նենգափոխել ժխտողականության էությունը: Վարչապետ Էրդողանն իր ելույթում ապարդյուն փորձ է անում խուսափելու Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ ներկայացնելով կոտորածը որպես չլուծված հակամարտություն հայերի ու թուրքերի միջև: Բայց ոչ փաստերը, ոչ որևէ օրենք աշխարհում չի հաստատում նրա այդ գաղափարը: Փաստը մնում է փաստ՝ Էրդողանի հայտարարությունը դաժան ու ցինիկ հնարք է և ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիան խոչընդոտում արդարադատության իրացմանը Հայոց ցեղասպանության հարցում»: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |