Ստեղծվելու է Հայաստանի Ոստիկանության համապետական համակարգչային ցանց

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կնքվել է 699,000 ԱՄՆ դոլար արժեքով ՀՀ Ոստիկանության համապետական համակարգչային ցանցի ստեղծման պայմանագիրը: Ցանցի ձեւավորման համար ԱՄՆ դեսպանատան կողմից ընտրվել է AEAI (Advanced Engineering Associates International) ընկերությունը հայաստանյան իր գործընկեր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) հետ միասին: Այս ծրագիրն ընդգրկված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ կնքված Թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրում:



Այս ծրագրի առանձնահատուկ նպատակն է ընդլայնել Հայաստանի իրավապահ մարմինների հնարավորությունները հետաքննությունները ժամանակին իրականացնելու գործում, աջակցել իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման նպատակով տվյալների շտեմարանների կատարելագործմանը` իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակումը ընդլայնելու համար, զարգացնել Հայաստանի հնարավորությունը` օգտվելու միջազգային քրեական տվյալների շտեմարաններից եւ կրճատել այն ժամանակը, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ Հայաստանի իրավապահ մարմիններին միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալների գտնվելու վայրը պարզելու համար: Այս ծրագիրը ուղղված է միավորել Հայաստանի սահմանապահների, մաքսային ծառայության, ոստիկանության, Ինտերպոլի, դատախազության ու այլ իրավապահ կառույցներին աջակցության ցուցաբերման աշխատանքները:
 Ուշագրավ
---