Թուրք նախարարն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղի հարցում անգործության մեջ

Թուրք նախարարն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղի հարցում անգործության մեջ

PanARMENIAN.Net - Մինչև օրս ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային միջնորդներն անկեղծ ջանքեր չեն գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: ԵԱՀԿ ՄԽ անդամներ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ցանկության դեպքում, վաղուց արդեն միասին կգտնեին ղարաբաղյան խնդրի լուծումը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի Եվրամիության գծով նախարար Մևլուդ Չավուշօղլուն, հայտնում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: Չավուշօղլուն նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ քննարկման առարկան է ԵԱՀԿ դերը ուկրաինական հակամարտության հանգուցալուծման գործում: «Մի կողմից պետք է կանխել դիմակայությունը, վերացնելով առկա հակամարտությունները: Մյուս կողմից, եթե մենք չկարգավորենք սառեցված հակամարտությունները, խնդիրներ կառաջանան միջազգային իրավունքի, մարդու իրավունքի, տարածքային ամբողջականության ու երկրների անկախության տեսակետից: Այսօր բախումներն Ուկրաինայում նախկինում առաջացած հակամարտությունների չլուծված լինելու հետևանքն են: Վրաստանի հարավօսական ու աբխազական տարածաշրջանում և Մոլդովայի մերձդնեստրյան շրջանում առկա հակամարտություններին ավելացավ Ղրիմի հարցը: Սառեցված հակամարտությունները սպառնալիք են կայունության համար եվրոպական մասշտաբով: Այդ խնդիրների լուծման համար դրանց կարգավորմանը պետք է մոտենալ անաչառ ու անկեղծ»,-ասել է նա:

Բաքվում այսօր անցնում է ԵԱՀԿ ԽՎ 23-րդ նստաշրջանը, որի աշխատանքին մասնակցում է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունն Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---