Նոր դիվերսիա Արցախում․ Զինվոր ենք կորցրել, կորուստներ ունեն նաև ադրբեջանցիները

Նոր դիվերսիա Արցախում․ Զինվոր ենք կորցրել, կորուստներ ունեն նաև ադրբեջանցիները

PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր:

Դիմակայության ընթացքում հայկական կողմը կորուստ է ունեցել՝ զոհվել է ՊԲ զինծառայող, 1989-ին ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն 3 զոհ և 7 վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի մասին, գրում է APA-ն․ նրանք են՝ ենթասպա Ալիև Պարվին Սալախադին օղլուն, կրտսեր ենթասպաներ Հուսեյնով Ռախիլ Աֆսար օղլուն ու Ահմեդով Էլչին Ռասիմ օղլուն, ինչպես նաև զինծառայող Գուլիև Սարհան Հեյրեթ օղլուն։

Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Հարկ է նաև նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել ելման դիրքերը:

Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի ամբողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության տակ գտնվող դիրքերը:

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ երկու զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։ Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին:

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Մինչև այդ, օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին: Հանդիպման նպատակը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին ռազմական կցորդներին իրազեկելն էր:

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն հետախուզական ու դիպուկահար գործողությունների ակտիվացման և հայկական կողմի պատասխան քայլերի մասին իրողությունները, կցորդների հետ կիսվել պաշտպանության նախարարության գնահատականներով ու ենթադրություններով լարվածության ներկայիս աճով Ադրբեջանի հետապնդած նպատակների, հետագա գործելակերպի, ինչպես նաև հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման վերջում փոխնախարարը ռազմական կցորդներին հորդորել է պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու և հարևան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---