Թուրք պատգամավոր. Երկրում հակասեմականության աճ է նկատվում

Թուրք պատգամավոր. Երկրում հակասեմականության աճ է նկատվում

PanARMENIAN.Net - Միջազգային կազմակերպությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ Թուրքիայում նկատվում է հակասեմականության աճ, այդ ցուցանիշով երկիրն առաջ է անցել նույնիսկ Իրանից:

Այդ մասին, ըստ Hurriyet-ի, հայտարարել է թուրք քաղաքական գործիչ, Բուրսայից Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Այկան Էքդեմիրը՝ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին նշվող հրեական նոր տարուն: «Ցավոք, մեր հրեա համաքաղաքացիները դիմավորում են Նոր տարին մի միջավայրում, որտեղ հակասեմականությունը, խտրականությունը, ատելության հենքի վրա հանցագործություններն ու ագրեսիվ հայտարարությունները վերելք են ապրում»,-հայտարարել է նա:

«Հակադիֆամացիոն լիգայի հետազոտությունը, որն անցկացվել է 102 երկրներում և 53100 մարդու շրջանում, ցույց է տվել, որ Թուրքիան 17-րդ տեղում է հակասեմական տրամադրություններով երկրների ցանկում»,-ասել է Էրդեմիրը: Ըստ հետազոտության, թուրքերի 60 տոկոսը կիսում է հակասեմական տրամադրությունները, այն դեպքում, երբ աշխարհում միջին ցուցանիշը 26 տոկոս է: Իրանում, ըստ Էրդեմիրի, հակասեմական տրամադրություններ ունի բնակչության 56 տոկոսը:

Gonzo Insight-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ հակասեմական տրամադրությունները գերակշռում են սոցցանցերում: Միայն հուլիսի 18-ին 27309 օգտատեր գրեթե 31 հազար հակասեմական գրառում է կատարել «Թվիթերի» թուրքական հատվածում:

«Երկրում, որտեղ կառավարությունն ուշադրություն չի դարձնում նման բաների վրա, հակասեմականությունն աճում է»,-ասել է նա՝ նշելով, որ անկախ բերված տվյալներից Էրդողանը հայտարարում է, որ երկրում հակասեմականություն չկա:

Թուրքիայում մոտ 15 հազար հրեա է ապրում, որը նույնիսկ բնակչության մեկ տոկոսը չի կազմում: Հակասեմականությունը Թուրքիայում աճում է մասնավորապես նաև մերձավորարևելյան ճգնաժամի ֆոնին: Նորագույն պատմության մեջ հակասեմականության ամենամեծ աճը գրանցվել է Արդարության ու զարգացման կուսակցության օրոք: Ամենավառ դրվագներից էր բախումը «Մավի Մարմարա» նավի շուրջ, որը Իսրայել էր ուղևորվում հակառակ իսրայելյան կողմի արգելքի ու գրոհի ենթարկվեց Իսրայելի կողմից: Որոշ ազգայնական հրապարակախոսներ պնդում են, որ քրդական աջատողականությանը սատարում են հրեաները, որոնք երազում են Մեծ Իսրայել ստեղծել Թուրքիայի տարածքում:

Photo: AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---