Իսպանիայի Պետխորհուրդը հակասահմանադրական է համարել կատալոնական հանրաքվեն![]() 29 սեպտեմբերի 2014 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Պետական խորհուրդը, որը երկրի կառավարությանը կից բարձրագույն խորհրդատվական մարմինն է, միաձայն հավանություն է տվել Կատալոնիայի խորհրդարանի ընդունած հանրաքվեի ու անկախության հանդեպ բնակչության վերաբերմունքը պարզող հարցումների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին եզրակացությանը: Այժմ Պետխորհրդի որոշումը քննակվելու է կառավարության նիստում: Եթե այն հավանության արժանանա, օրենքը կուղարկվի Սահմանադրական դատարան, հայտնում է ՆՏՎ-ն: Սեպտեմբերի 27-ին Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը հրամանագիր է ստորագրել նոյեմբերի 9-ին տարածաշրջանում հանրաքվե անցկացնելու մասին: Այժմ կառավարությունը սկսում է պատրաստվել հանրաքվեին՝ 600 տեղական մարմիններում կբացվեն տեղամասեր, պատրաստվում են քվեաթերթիկներ: Անկախության կողմնակիցները մտադիր են մոտ 100 հազար կամավորի ներգրավել, որոնք կայցելեն 7 մլն բնակչությամբ տարածաշրջանի յուրաքանչյուր տուն՝ համոզելու համար բնակչությանն «այո» ասել անկախությանը, հայտնում է Wall Street Journal-ը: Հենց որ հայցն ընդունվի դիտարկման, Կատալոնիայի խորհրդարանի ընդունած օրենքի գործողությունը կասեցվում է, ինչն անհնար է դարձնում հանրաքվեի անցկացումը: Սակայն կատալոնացի ազգայնականները կարծում են, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող վեր լինել սեփական ճակատագիրն որոշելու ժողովրդի իրավունքից: Եթե, այնուամենայնիվ, հանրաքվե անցկացվի, ապա մասնակիցներին հարկ կլինի պատասխանել երկու հարցի՝ «Համաձա՞յն եք, որ Կատալոնիան պետություն դառնա» (ինքնավարության կարգավիճակի բարձրացում) և «Եթե այո, ապա համաձա՞յն եք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա» (անկախանա Մադրիդից): Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում: Տարածաշրջանի արտահանումը ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում, այդ թվում արտահանման 65 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Տարածաշրջանում է գրանցված Իսպանիայում գործող բոլոր օտարերկրյա ընկերությունների 38 տոկոսը: Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |