Արամ Առաջինը մտադիր է կաթողիկոսության հողերը Թուրքիայից պահանջել արդեն հոկտեմբերին![]() 30 սեպտեմբերի 2014 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հավանաբար, արդեն հոկտեմբերին հայցով կդիմի Թուրքիայի Սահմանադրական դատարն՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսությունը: Այդ մասին կաթողիկոսն ինքն է հայտարարել հունական Azad Or թերթին տված հարցազրույցում: «Մենք, բնականաբար, չենք ակնկալում, որ Թուրքիան հավանություն կտա մեր հայցին: Մենք պետք է ամեն հնարավորն անենք, որպեսզի դատը շուտ տեղի ունենա…կարծում եմ, ժողովուրդը ողջունում է այս քայլը, երբ ես առաջին անգամ հրապարակեցի մեր մտադրությունները, բոլորը հավանություն տվեցին»,-ասել է կաթողիկոսը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե Թուրքիայի ՍԴ-ն մերժի հայցը: Սիսի կաթողիկոսության վերադարձը պահանջելու հայոց Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: «Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,-ասել է նա: Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293–1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում: Անդրադառնալով հայ և քրիստոնյա այլ համայնքների վիճակին Մերձավոր Արևելքի երկրներում՝ Արամ Առաջինն ասել է, որ տարածաշրջանի քրիստոնյաները շատ են տառապել, սակայն չեն հեռացել այդ տարածքից: «Ինչ վերաբերում է հայերին, ապա արաբական աշխարհը կարևոր է մեզ համար: Այստեղ են մեր ամենախոշոր համայնքները: Մեր ներկայությունը Մերձավոր Արևելքում չափազանց կարևոր է Հայ Դատի, միջազգային կապերի տեսակետից: Իսկ եթե մեր ժողովրդի զավակները ցանկանում են հեռանալ, ուրեմն միայն մեկ ճանապարհ պետք է ունենան՝ Հայաստան, ոչ թե արևմտյան երկրներ»,-ասել է նա: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |