Րինա Պանդեյը Հայաստանի խորհրդարանի խոսնակին հրավիրել է այցելել Հնդկաստան

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական կապերի խորացման հարցեր: Տիկին Պանդեյը, նշելով Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական ու տնտեսական գործուն կապերի առկայությունը, պաշտոնական այցով Աժ նախագահին հրավիրեց Հնդկաստան` օրենսդրական փորձին, խորհրդարանական գործունեությանը առավել սերտ ծանոթանալու եւ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար: Նա կարեւորեց նաեւ միջազգային ասպարեզում հայ եւ հնդիկ խորհրդարանականների համագործակցությունը:



Իր հերթին, Տիգրան Թորոսյանը, հրավերի համար շնորհակալություն հայտնելով, դեսպանին իրազեկեց այն մեծածավալ օրենսդրական աշխատանքների մասին, որոնց, սահմանադրության հանրաքվեից հետո, ձեռնամուխ է եղել խորհրդարանը` խնդիր ունենալով հասարակական-քաղաքական բարեփոխումները հասցնել տնտեսական հաջողությունների մակարդակին, որոնք արձանագրում են նաեւ միջազգային փորձագետները: Նշվեց նաեւ, որ 2007-ի գարնանը սկսվում է նախընտրական շրջան խորհրդարանի համար:



Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Երեւանի պետական համալսարանում սովորող հնդիկ ուսանողների հետ կապված միջադեպին եւ մամլո հրապարակումներին: Երկուստեք նշվեց, որ միջադեպն արդեն հարթված է եւ որեւէ կերպ չի կարող ստվերել հայ-հնդկական բարեկամությունը, հայտնում է ՀՀ ԱԺ:
 Ուշագրավ
---