ԱՄՆ-ում ԼՂՀ գրասենյակի խորհրդական. Ի հեճուկս Ալիևի՝ Արցախը զգալի աջակցություն ունի Կալիֆորնիայում![]() 3 նոյեմբերի 2014 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի բլոգ The Hill-ը՝ քաղաքականության ոլորտի մասնագետների հարթակը, հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ-ի գրասենյակի խորհրդական Արամ Ավետիսյանի պատասխանն ադրբեջանցի լրագրող Նասիմի Աղաևի խմբագրականին, որը, հեղինակի խոսքով, նպատակ ուներ շեղել ընթերցողներին: Հոկտեմբերի 24-ին ադրբեջանցի լրագրող Նասիմի Աղաևը գրել է, թե քաղաքականության մեջ մասնավոր շահի առկայությունը միշտ էլ վտանգավոր է, հատկապես, երբ «մի խումբ մարդիկ կարևորագույն որոշումների ընդունման ժամանակ շահարկում են ընտրված պաշտոնյաներին»: Նասիմի Աղաևի խոսքով Կալիֆորնիայի օրենսդիրների կողմից Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ընդունումը սրա վառ օրինակն էր. ընդունված ռեզոլյուցիան, ադրբեջանցի հեղինակի խոսքով, «հակացում է ԱՄՆ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական ուղուն ու ազգային շահերին»: Tert.am-ը մեջբերում է Ավետիսյանի պատասխան հայտարարությունը, որի մեջ վերջինս նշում է, թե Արցախի անկախությունն ու ինքնորոշումը սատարող Կալիֆորնիայի իշխանությունների ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի այդ նահանգում Արցախը զգալի աջակցություն ունի՝ ի հեճուկս Իլհամ Ալիևի, որը տարիներ ու միլիոններ է ծախսում ի շահ ռեժիմի գործեր անելու համար: Հեղինակը նշում է, որ Աղաևը պատճառ ունի նեղվելու Կալիֆորնիայում իր երկրի «խավիարային դիվանագիտության» ապագայից: Նկատվում է, որ խորհրդային Ադրբեջանի հալածանքներից ազատվելու համար Արցախի ժողովուրդը խաղաղ, ժողովրդավարական միջոցների է դիմել: Պատերազմը եղել է Ադրբեջանի ընտրությունը: Ինչն իր հերթին ապագաղութականացման տրամաբանությունն ըմբռնելու Ադրբեջանի իշխանությունների անկարողության հետևանք է: «Այսօր նպատակն ապագա ողբերգությունները կանխելն է, սակայն ցավալի է, որ այդ նպատակը չի կիսում Ալիևի ռեժիմը: Սա դրսևորվում է ոչ միայն հայերի հասցեին ատելություն պարունակող հռետորաբանությամբ, այլև խաղաղություն ցանկացող ադրբեջանցիների դեմ հալածանքներով»,- նշում է նա: Անդրադառնալով Աղաևի տարբեր պնդումներին՝ հեղինակը հետևյալ հակափաստարկներն է բերում: Արդեն 20 տարի է, ինչ Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, Ադրբեջանը չի կատարում ԱՄՆ-ի և միջազգային հանրության պահանջը՝ հետ կանչել իր դիպուկահարներին շփման գծից: Իսկ Ադրբեջանի իշխանությունների փորձը՝ Ղարաբաղի խնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հակասում է 1994-ի հրադադարին, որը ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, ինչը պարզորոշ ցույց է տալիս եռակողմ ձևաչափ: Ըստ հեղինակի՝ բանակցություններն արդյունք չեն տալիս, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է վերադառնալ նախքան 1998-ը գործած ձևաչափին, երբ մասնակից կողմ էր նաև ԼՂՀ-ն: Հեղինակը նկատում է նաև, թե որքան անհեթեթ է Աղաևի կողմից իր երկիրը որպես «հետխորհրդային հաջողության տիպար» ներկայացնելու փորձը: Դա տիպիկ և ծիծաղելի է Ալիևի ռեժիմի հռետորաբանության համար, երբ կոռումպացված ռեժիմը վայելում է նավթի ապահոված բարիքները և սեփական քաղաքացիներին պատժում Facebook-ում մեկնաբանություններ անելու համար, մոտ հարյուրին քաղբանտարկյալ պահում, ճնշում մարդու իրավունքների պաշտպաններին և ՀԿ-ներին՝ չնայած միջազգային հանրության, ԱՄՆ-ի նախագահի քննադատությանը: Ավետիսյանը հիշեցնում է նաև այս ամենի բերումով Ադրբեջանին սպառնացող պատժամիջոցների մասին: Եվ նկատում, թե հազիվ սա կարելի է հաջողության օրինակ համարել, որին արժե հետևել: Ավետիսյանը շնորհակալություն է հայտնում Կալիֆորնիային նշված իրողություններն ըմբռնելու, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ Արցախին ընդլայնված աջակցություն ցուցաբերելու համար: Օգոստոսի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը: Բացի այդ, բանաձևը կոչ է անում Սպիտակ տանն ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու անկախությանը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |