Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության խորհրդաժողովը, որը որոշում է կայացրել տարածաշրջանային հասարակական կազմակերպությունից միջտարածաշրջանայինի վերափոխվելու, ինչպես նաեւ իր անվանումը փոխելու մասին: Այժմ ժողովրդական դիվանագիտության այդ ընկերությունը կկոչվի Հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության ընկերություն: Առաջիկա հնգամյակում նրա նախագահը կրկին կլինի ականավոր ռուս հասարակական գործիչ, գրող, քաղաքագետ Վիկտոր Կրիվոպուսկովը:



Ինչպես հաղորդել է Վիկտոր Կրիվոպուսկովը PanARMENIAN.Net ի թղթակցին, խորհրդաժողովի մասնակիցները դիմել են ՌԴ ղեկավարությանը եւ ռուս ժողովրդին, կոչ անելով իրենց ձայնը միացնել համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի վայրագությունների դատապարտմանը, որ դրսեւորվեցին 2005 թվականի դեկտեմբերի 25-ին Նախիջեւանի Հին Ջուղա քաղաքի ճարտարապետության գլուխգործոց եւ համաշխարհային քաղաքակրթության արժեք հանդիսացող միջնադարի հայկական գերեզմանատան եւ չորս հազար խաչքարերի ոչնչացմամբ, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ:



Խորհրդաժողովի պատգամավորները դիմել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկելով քաղաքական կամք եւ ժողովրդների բազմադարյա ավանդությներին հավատարմություն դրսեւորել, կարողանալ ապրել խաղաղ, բարեկամության եւ համաձայնության մթնոլորտում, մինչեւ որ այդ հիմքի վրա գրանցվեն բազմաթիվ ազգամիջյան ամուսնություններ եւ ամբողջ սերունդներ:



«Հակամարտության կարգավորման գործում հարկավոր է ուղորդվել ոչ թե անձնական քաղաքական ամբիցիաներով եւ պահի թելադրանքով, այլ միայն նրանով, որ միայն խաղաղ ու արդար բանակցությունների ճանապարհը կարող է փոխադարձ համաձայնություն բերել հայ եւ ադրբեջանցի ժողովրդներին, բարեկամական օջախների հարեւանություն եւ բարգավաճում նրանց ընտանիքներին»,-նշել է ընկերության նախագահը:

Հատուկ հայտարարության մեջ խորհրդաժողովը դատապարտեց Ռուսաստանի քաղաքացիների` մասնավորապես հայազգի քաղաքացիների սպանությունները, որոնք վերջին ամիսներին կատարվել են Մոսկվայում եւ այլ շրջաններում ազգամիջյան հողի վրա: Մտահոգություն է հայտնվել իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների անգործության վերաբերյալ, որոնք պատասխանատու են սպանությունների կանխարգելման եւ բացահայտման համար, այն անձանց մեկուսացման համար, որոնք վարակված են դրսից թափանցած քսենոֆոբիայի, ռասայական խտրականության եւ ազգայնամոլության թույնով, պատասխանատու են այդ հարցերի շուրջ հանրությանը օպերատիվ եւ հավաստի տեղեկատվություն տրամադրելու համար: «Մենք դիմել ենք Ռուսաստանի հայ համայնքին, Հայաստանի ժողովրդին եւ լրատվամիջոցներին, խնդրելով չողբերգականացնել իրավիճակը, առանձին ստահակների հանցավոր գործողություններին տրված գնահատականը չփոխանցել մեր երկրի ողջ հասարակական-քաղաքական իրավիճակի վրա, առավել ակտիվ օգտագործել Ռուսաստանում Հայաստանի տարին հայ եւ ռուս ժողովրդների միջեւ հազարամյա բարեկամական կապերն ամրապնդելու եւ զարգացնելու համար»,-ընդգծել է Վիկտոր Կրիվոպուսկովը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---