Ստամբուլում 1915-ին նվիրված համաժողով կանցկացվի. Հրավիրվելու է նաև ՀՀ նախագահը![]() 4 նոյեմբերի 2014 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մայր ընդդիմությունը` «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP), 2015-ի ապրիլին Ստամբուլում ծրագրել է անցկացնել 1915-ին նվիրված համաժողով, որին հրավիրված են լինելու հայտնի պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է 5 ամսում 3 միջազգային կոնֆերանս անցկացնել: Բացի պատմաբաններից մասնակցելու են նաև մի շարք ականավոր քաղաքական ու պետական գործիչների թոռներ, ինչպես օրինակ` Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլք: Այս նախագծի մասին կառավարամետ CNNturk լրատվամիջոցին հղումով Ermenihaber-ը գրում է, որ այս մասին հայտնել է Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Մուստաֆա Բալբայը: Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին, լսել, թե ինչ են պատմաբանները խոսում 1915-ի վերաբերյալ: Բալբայը նաև նշել է, որ իրենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ են հրավիրելու մասնակցել ապրիլյան համաժողովին: Մուստաֆա Բալբայն իր տիրապետած տվյալներից ելնելով նշել է, թե աշխարհում 1915-ի վերաբերյալ հայկական տեսակետը պաշտպանող գրքերի թիվը չի անցնում 40.000-ից, մինչդեռ թուրքական տեսակետը պաշտպանվում է իբր ավելի քան 60.000 գրքով: Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթում մի շարք հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյակի և Անկարայի դիրքորոշման մասին այս հարցում: Էրդողանը հերթական անգամ հիշեցրել է 2005-ին արված արխիվներն ուսումնասիրելու առաջարկի մասին և հայտարարել է, թե թուրքերի «բարի մտադրությունները» հայերի հանդեպ անարձագանք մնացին: «Մենք բացեցինք մեր արխիվները, մինչ օրս շուրջ մեկ միլիոն փաստաթուղթ է բացահայտվել: Եթե Հայաստանը ունի նման արխիվ, թող բացի: Ինչպես և ցանկացած երրորդ երկիր: Թող այնտեղ աշխատեն պատմանբանները, հնագետները, իրավաբաններն ու քաղաքագետները: Իսկ մենք քայլեր կկատարենք ըստ այդ հետազոտությունների արդյունքների»,-ասել է նա: Անդրադառնալով Անկարայի քաղաքականությանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին՝ Էրդողանը հասկացրել է, որ Թուրքիան կշարունակի մերժողական քաղաքականությունը: «Հայաստանի հետ մեկ այլ ֆորմատում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը, ձեռք մեկնողը մենք ենք եղել: 2015 թվականին, այսինքն՝ 1915 թվականի դեպքերի հարյուրամյակին, մենք աշխարհին իրականությունը ներկայացնելու համար կշարունակենք ակտիվ ջանքեր գործադրել: Անկասկած այս հարցում ոչ թե հորինված, գաղափարախոսությանը գերի դարձած կամ էլ քաղաքական շահարկման առարկա դարձած պատմությունը, այլ իրական պատմությունն է հաղթելու: Հավատում ենք, որ այս հարցում Ֆրանսիան էլ կլինի ողջամիտ և իրական ճշմարտությանը սատար կկանգնի»,- ասել է Թուրքիայի նախագահը Փարիզում: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |