Աշնանը Չեխիայի Սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության հետ: Ա. Ռուստամյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը` ընդգծելով երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը արդյունավետ կարող է լինել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության առումով:

Իր հերթին Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռոստիսլավ Սլավոտենիկը նույնպես կարեւորեց քաղաքական, միջխորհրդարանական եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, համագործակցությունը իրավապայմանագրային դաշտում: Հանձնաժողովի անդամ Յարոմիր Շտետինան նշեց, որ իր եւ Չեխիայի հայ համայնքի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հովանավորությամբ երկու ամիս առաջ Սենատում կազմակերպվել է 1915 թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս: Պատգամավորը հույս հայտնեց, որ աշնանը Չեխիայի Սենատը կընդունի հայոց ցեղասապնությունը ճանաչող հայտարարություն:



Ինչ վերաբերում է Թուրքիայի ԵՄ հնարավոր անդամակցությանը, ապա Ա. Ռուստամյանը նշեց, որ Եվրամիությունը ոչ թե միայն աշխարհագրական տարածք է, այլ նախեւառաջ արժեքային համակարգ, եւ ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ է յուրացնել եվրոպական արժեքները, այս համատեքստում կարեւորելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, ոչ մի երաշխիք չկա, որ նորից չի կրկնվի այն»,-նշել է Ռուստամյանը: Չեխական կողմը համակարծիք լինելով Արմեն Ռուստամյանի հետ, ավելացրեց, որ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ դեռ 10-15 տարի կշարունակվեն, եւ Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը պարտադիր է, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---