ԶԼՄ-ներ. ԵՏՄ արդյունավետության համար Մոսկվային ընդհանուր ռուս-հայկական սահման է պետք

ԶԼՄ-ներ. ԵՏՄ արդյունավետության համար Մոսկվային ընդհանուր ռուս-հայկական սահման է պետք

PanARMENIAN.Net - Ռուսաստանը երկու հիմնարար խնդիր ունի Անդրկովկասում, որոնք սերտորեն շաղկապված են: Առաջինը՝ թույլ չտալ Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ստեղծում և հանրապետության լիակատար ներգրավում ԵՄ կառույցներին, ասվում է Lenta.ru-ի «Ռուսաստանը կմոտենա Հայաստանի սահմանին» հոդվածում:

Երկրորդ խնդիրն է՝ հուսալի և ուղիղ տրանսպորտային կապ ապահովել Հայաստանի հետ: Հանրապետությունը միացել է Եվրասիական տնտեսական միությանը և Երևանի լիարժեք ինտեգրման համար, եվրասիական կապերի ներուժի իրացման համար Ռուսաստանին ընդհանուր սահման է անհրաժեշտ Հայաստանի հետ՝ «եվրասիական» սահմանապահների և մաքսայինների հետագա ելքով հայ-իրանական սահման: Բացի այդ, ՌԴ վերահսկողության հաստատումը տրանսպորտային հաղորդակցությունների պարագայում, կապահովի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի լիարժեք գործունեությունը: Ռազմակայանի նշանակությունը ռազմավարական տեսակետից դժվար է գերագնահատել: Հայաստանի հարավային սահմանամերձ Մեղրի քաղաքից մինչև իրաքյան Քրդստան ուղիղ գծով մոտ 250 կմ է՝ այսինքն ոչ ամենաարդիական տակտիկական հրթիռային համալիրների հասանելիության գոտում է, գրում է պարբերականը:

Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ դաշինքի և ռազմավարական գործակցության մասին պայմանագրերը թույլ կտան Ռուսաստանին լուծել եվրասիական տարածքին երկու անկախ անդրկովկասյան հանրապետությունների ինստիտուցիոնալ համալիր ինտեգրման հարցը՝ պահպանելով նրանց պետական անկախությունը: Ըստ Աբխազիայի հետ պայմանագրի նախնական տարբերակի, ռուսական նախաձեռնությունը նախատեսում է միասնական պաշտպանական և մաքսային տարածքի ստեղծում, օրենսդրության ներդաշնակեցում, ներքին գործերի համատեղ աշխատանք, սոցիալական պաշտպանվածության մակարդակի համապատասխանեցում ՌԴ Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային շրջանների հետ, ՌԴ քաղաքացիության տրամադրման հատուկ կարգ և ՌԴ ու ԵՏՄ սահմանների փաստացի տեղափոխում անկախ հանրապետությունների հարավային սահմաններ:

Հրապարակման մեջ ասվում է, որ վերոնշյալ ռազմավարական խնդիրների լույսի ներքո Ռուսաստանը չի կարող կանգ առնել Աբխազայի և Հարավային Օսեթիայի հարավային սահմաններում: Հոկտեմբերի 31-ին Վլադիկավկազում տեղի ունեցավ «Օսերի գերագույն խորհուրդ» Միջազգային հասարակական շարժման համագումարը, որին մասնակցեցին Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության ղեկավար Թեյմուրազ Մամսուրովը, Հարավային Օսեթիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը, ուղղափառ և մահմեդական հոգևորականության ներկայացուցիչներ: Համագումարում, որը «պատահաբար», համընկավ Հարավային Օսեթիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի 50-ամյակի հետ, եկլույթ ունեցավ նաև ինքը: Նա բարձրացրեց Օսեթիային Վրաստանի Կազբեգի շրջանի որոշ տարածքների պատկանելության հարցը: Տեղի դիտորդները Կոկոյտիի ելույթը գնահատեցին որպես վերադարձ հանրային քաղաքականություն: Ներկայությունը Կազբեգի շրջանում թույլ կտա վերահսկել Վրացական ռազմական ճանապարհի ոչ մեծ ռազմավարական հատվածը, որը ամենակարճ ճանապարհն է ՌԴ-ից Հայաստան:

Միևնույն ժամանակ ՌԴ-ն շահագրգռված է զարգացնելու Անդրկովկասյան ավտոմայրուղին, որը կապում է հյուսիսային Կովկասը՝ Հյուսիսային և Հարավային Օսեթիայի տարածքով, Վրաստանով Հայաստանի ու Իրանի հետ: Դիտարկվում է նաև Ալագիր-Ցխինվալ 160 կմ երկարությամբ երկաթուղու շինարարության հարցը, որը կկապի Հյուսիսկովկասյան երկաթուղին Անդրկովկասյան երկաթուղու հետ: «Արևմտյան» երթուղին դեպի Հայաստան անցնում է Գորիի շրջանով, հայաբնակ Ջավախքով:

Հոդվածում ասվում է, որ հաշվի առնելով բռնի իշխանափոխության վրացական քաղաքական ավանդույթը, Վրաստանում հնարավոր է ապակայունացում ուկրաինական սցենարով: Այս պայմաններում Ռուսաստանը ոչ միայն կկատարի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պաշտպանության վերաբերյալ դաշնակցային պարտավորությունները, այլ նաև ստիպված կլինի ապահովել բնակչության կայունությունն ու ապահովությունը, ինչպես նաև տնտեսության գործառնությունը Վրաստանի շրջաններում: Այս դեպքում համագործակցության և ինտեգրման մասին երկկողմ պայմանագրեր կարող են կնքվել Վրաստանի առանձին շրջանների իշխանությունների հետ, որոնք օրինական կճանաչվեն տեղաբնակների ու Մոսկվայի կողմից:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---