Տեխնիկայի և կրիչների 1%-անոց «Միխալկովի հարկը» կգանձվի նաև ՀՀ-ում![]() 21 նոյեմբերի 2014 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Անձնական նպատակներով ձայնագրությունների և տեսագրությունների վերարտադրման համար նախատեսված կրիչների և տեխնիկայի համար Ռուսաստանում գործող արժեքի 1-տոկոսանոց հարկը կտարածվի Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի վրա: Ինչպես գրում է «Իզվեստիան» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Սամաթ Ալիևի վրա հղումով, հեղինակային իրավունքի և հավաքական հիմունքներով հարակից իրավունքների կառավարման կարգի մասին ԵՏՄ երկրների համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցում է անցել Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում, սակայն դեռ չի ստորագրվել և չի վավերացվել: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ենթադրում է կազմակերպության բոլոր փաստաթղթերի ստորագրում: Հավաքական կառավարման մասին համաձայնագրում հիշատակվում է նաև ձայնա- և տեսագրությունների հեղինակների, կատարողների և արտադրողների իրավունքը՝ «վարձատրություն ստանալ անձնական նպատակներով ձայնագրությունների ու աուդիովիզուալ ստեղծագործությունների ազատ վերարտադրման համար»: Փաստաթղթի վերջին տարբերակում ֆիքսված է տոկոսադրույքը՝ տեխնիկայի և կրիչների արժեքի 1 տոկոսը: Հարկման ենթակա իրերի ցանկը նույնպես միասնական կլինի, այն կհաստատի ԵՏՀ-ն: Ընդ որում գանձման կարգը կկանոնակարգվի յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն: Հեղինակների և կատարողների օգտին այս գանձումը Ռուսաստանում գործում է 2010-ից: Հարկմանն ենթակա տեխնիկայի ու կրիչների ցուցակում են dvd-ձայնարկիչները, համակարգիչներն ու նոութբուքերը, բջջային հեռախոսները, տեսախցիկները, խտասկավառակները, ֆլեշ-քարտերը և կինոժապավենը: Այս գանձումը կատարում է Ռուսաստանի Իրավասեփականատերերի միությունը, որը գլխավորում է հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը: Ուստի, այդ հարկը ժողովրդի և ԶԼՄ-ների շրջանում ստացավ «Միխալկովի հարկ» անվանումը: Բացի այդ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միալանու մասին պայմանագրին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու մասին որոշումը կայացվել է նախօրեին կայացած կառավարության նիստի արդյունքոմ: Այն քննելուց հետո երկրի ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման: «Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառությունների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի անդամ պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,- ասված է որոշման բացատրության մեջ: Նախատեսվում է, որ դա հիմք կստեղծի առևտրա-տնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրողների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ուժեղացման համար: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում նոյեմբերի 24-ին՝ ժամը 12.00-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |