ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈւՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր կայացած Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստում նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի նախկին խորհրդական Ալեքսան Հարությունյանը:



Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 7-ին հրամանագիր է ստորագրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Աշոտ Մանուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:



Հանրապետության Նախագահը նույն օրը հրամանագրեր է ստորագրել Ալեքսան Հարությունյանին եւ Վարդան Կոպյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին:



Ռոբերտ Քոչարյանի հունվարի 7-ի մեկ այլ հրամանագրով, Ալեքսան Հարությունյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է Նախագահի խորհրդականի պաշտոնից:



Ալեքսան Հարությունյանը ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1991-ին եղել է «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն, 1993-1996 թթ. աշխատել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում: 1999 թվականի նոյեմբերից մինչ նոր նշանակումը եղել է ՀՀ նախագահի խորհրդական:



Խորհրդի մյուս նորանշանակ անդամը` Վարդան Կոպյանը, մասնագիտությամբ տնտեսագետ-իրավաբան է: 1998-ից աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական, այնուհետեւ` պետաիրավական վարչություններում:
 Ուշագրավ
---