Սանկտ Պետերբուրգում կտեղադրվի Կոմիտասի արձանը, պուրակն էլ Երևանյան կկոչվի![]() PanARMENIAN.Net - 2015-ի ամռանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում կտեղադրվի Կոմիտաս Վարդապետի արձանը, որի վրա արդեն աշխատում է քանդակագործ Լևոն Բեյբությանը: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ քանդակագործի արվեստանոցում ծանոթացել է Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին: Քանդակի աշխատանքները ներկայացնելով՝ Լևոն Բեյբությանը նշել է, որ պուրակը, որտեղ տեղադրվելու է բնական քարից տաշված երեքմետրանոց արձանը, առաջիկայում անվանակոչվելու է Երևանյան պուրակ: Այդ նույն պուրակում նաև խաչքար է տեղադրված, որի բացումը հոկտեմբերի 25-ին էր: Խաչքարի բացմանը մասնակցել էր նաև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը: Այն, ի դեպ, առաջին խաչքարն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում և, ինչպես նշել են բացման հանդիսավոր արարողության մասնակիցները, այն ինքնատիպ ուխտատեղի կդառնա հատկապես տեղի հայության համար: Խաչքարը բացել էին վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովան և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Արարողությանը մասնակցել էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Քաղաքապետը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որը նշել է՝ երկուստեք իրականացվող ծրագրերի և փոխգործակցության արդյունավետությունը վկայում է գործակցության բարձր մակարդակի մասին: «Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կայուն և վստահելի գործընկերն է, որի հետ կարևորում ենք փոխգործակցության ընդլայնումը: Բարեկամական կապերի համատեքստում մեծ կշիռ ունի մշակութային բաղադրիչը, ինչն անշուշտ կարևոր է հարուստ ժառանգություն ու ավանդույթներ ունեցող քաղաքների համար», - ընդգծել է Պետերբուրգի նահանգապետը: Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ գործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված առաջարկները և նախաձեռնությունները: Քաղաքապետն առաջարկել է նախապատրաստել և հաջորդ տարի հնգամյա գործակցության ծրագիր ստորագրել: «Արդեն հանձնարարել եմ համապատասխան օղակների պատասխանատուներին Սանկտ Պետերբուրգի գործընկերների հետ քննարկել և նախապատրաստել նոր համաձայնագրի նախագիծը: Համոզված եմ, որ գործակցության շարունակականության շնորհիվ ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոյին պաշտոնական այցով Երևան հրավիրել: Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ իրենց կողմից ևս արդեն իսկ աշխատանքներ տարվում են նոր համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ, և վստահեցրել, որ 2015-ի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվելու ժամանակ էլ կստորագրվի հնգամյա գործակցության համաձայնագիրը: Հանդիպման շրջանակում գործակցության հետագա ծրագրերում կողմերն առանձնակի կարևորել են նաև երիտասարդական փոխանակումները, զբոսաշրջության զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները: Ըստ Ռուսաստանում 2002-ին կայացած մարդահամարի` երկրում 1.130.491 հայ կա, Հայաստանից դուրս հենց ՌԴ-ում է հայկական ամենամեծ համայնքը: 2010-ի տվյալներով` Սանկտ Պետերբուրգում մոտ 20.000 հայ է ապրում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |