Հունաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցնեն

Հունաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցնեն

PanARMENIAN.Net - Հունաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնությունների շարքում մեծ տեղ է հատկացված մշակութային միջոցառումներին: Հունաստանի Համազգային կրթական եւ մշակութային միությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում նախատեսել է իրականացնել մի շարք մշակութային ծրագրեր: Այս մասին հայտնում է Հունաստանում հրատարկվող «Ազատ օր» պարբերականը:

Հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել մեծ թվով միջոցառումներ, որոնք այս պահին նախապատրաստական աշխատանքների փուլում են:

Դեկտեմբերի 14-ին Համազգայինի «Նանոր» պարախումբը Վիրոնայի հրապարակում հանդես կգա պարային ներկայացումներով, որին կմասնակցեն քաղաքապետարանի փողային նվագախումբը, Կրետե կղզու եւ տեղական վարժարանների պարախմբերը, հայտնում է «Հայերն այսօր» կայքը:

Դեկտեմբերի 19-ին Աթենքում կկայանա «Կոմիտաս, եկել եմ» ներկայացումը` Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի բեմադրությամբ:

Հունվարի 18-ին Աթենքի թատերասրահում Հունաստանի Կենտրոնական հանձնախմբի նախաձեռնությամբ կազդարարվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների սկիզբը: Զեկույցներից բացի, նախատեսվում է նաեւ գեղարվեստական միջոցառում` Հունաստանի Համազգայինի «Հակոբ Փափազյան» քառաձայն երգչախմբի եւ «Նաիրի» պարախմբի մասնակցությամբ։

2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն ամբողջ աշխարհում: Հոկտեմբերի սկզբին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է 2015-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ իրականացնելու մասին քաղաքապետարանի ուղերձը:

Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015-ի առաջին կեսին Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես կկայանա, որի առթիվ Փարիզ պետք է տեղափոխվեն Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուները:

Ազգային կրթության գերատեսչության հետ գործակցությամբ պետք է կազմակերպվեն ուսումնադաստիարակչական աշխատանքներ՝ Փարիզի հանրակրթական հաստատություններում, Հայոց ցղասպանության, Ցեղասպանությունից մազապուրծ հայ համայնքի պատմության մասին, որպեսզի խրախուսվի Փարիզի և հատկապես 9-րդ թաղամասի պատմության անբաժանելի մասի նկատմամբ հետաքրքրությունը:

2015-ի ապրիլի 24-ի կղողանջեն Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը:

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), հաղորդում է Asbarez-ը: Ճարտարապետական բետոնից ու տուֆից կառուցվող հուշարձանը կներկայացնի հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշները: Դրա հիմնական բաղադրիչներն ունենալու են շրջանաձև դասավորվածություն և դրվելու են որոշակի թեքությամբ` դեպի ներս, ինչը կհիշեցնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցվածքը: Ինը սյուները խորհրդանշելու են պատմական Հայաստանի վեց շրջանները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությյունը: Վերևից սյուներն իրար կմիացնի թերի շրջանը` որպես ապացույց, որ թեև Հայոց ցեղասպանությունն անջնջելի սպի է թողել, հայ ժողովրդի միասնությունը չի խաթարվել: Հուշարձանի օծման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2015-ի ապրիլի 24-ին: Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կբացվեն Հունաստանի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---