Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 25.000 կրակոց![]() 10 հունվարի 2015 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 2500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից (26 արկ) և ՌՊԳ-7 (17 արկ), ԳՊ-25 (2 արկ) ու ԱԳՍ-17 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 25.000 կրակոց: Առաջնագծում նկատված լարվածությունը շաբաթվա վերջում սկսել է նվազել: ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հերքել էր լուրերը, ըստ որի ղարաբաղյան ուժերը ժադրբեջանական խաղաղ բնակավայրեր են գնդակոծել. «Դրանք ոչ այլ ինչ են, քան հերթական ապատեղեկատվություն: Արցախի զինված ուժերը խիստ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն թիրախային հարվածներ են հասցնում հակառակորդի առաջնագծի դիրքերին՝ նպատակ ունենալով ճնշել վերջին նախահարձակ ու սանձարձակ գործողությունները: Խաղաղ բնակավայրերը պաշտպանության բանակի համար երբևէ չեն եղել հարվածի թիրախ: Հիշեցնենք, որ տվյալ վարքագիծը եղել ու մնում է ադրբեջանական զինուժի «մենաշնորհը», ինչի ապացույցն են հայ-ադրբեջանական սահմանահատվածին գտնվող հայկական բնակավայրերի վրա հակառակորդի կողմից պարբերաբար իրականացված և իրականացվող գնդակոծություններն ու արկակոծությունները»: Հունվարի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական 2 գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Հարությունյանը: Բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ էր շպրտվել ելման դիրքերը: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հակառակորդի ոչ մի հարձակում անպատասխան չի մնա: Կարդացեք նաև՝ ՊԲ պատասխանն ադրբեջանական դիվերսիաներին. Հակառակորդն առնվազն 3 զինծառայող է կորցրել
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |