21 հուլիսի 2006 - 15:04 AMT
Տեսականորեն չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ռազմական աջակցություն ստանալ Թուրքիայից
Ներկայումս տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի նոր վերադասավորում, որտեղ մեծ դերակատարություն ունի իրանական գործոնը: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի արտաքին քաղաքականության հարցերի գծով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, այդ դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը ձեռնատու կլինի Հայաստանին: «Առաջիկա երկու տարում հակամարտությունը չի գտնի այն լուծումը, որը շահավետ է հայկական կողմի համար: Մեր երկիրն այդ ընթացքում պետք է գերագույն ջանքեր գործադրի հզորանալու համար: Լիբանանի իրադարձությունները ցույց տվեցին, որ թույլ պետությունը շատ հեշտ է դառնում ագրեսիայի օբյեկտ: Եթե Հայաստանն ուժեղ լինի, նրա հետ հաշվի կնստեն»,-նշել է Մանոյանը: «Հայ դատի» գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած հակամարտություն, որն երկար ժամանակ չի կարգավորվում, ավարտվում է պատերազմով: «Մենք դա հերթական անգամ տեսանք արաբա-իսրայելյան օրինակի վրա: Ինչ վերաբերում է տարածաշրջանում որոշ երկրների դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ապա տեսականորեն չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ստանալ Թուրքիայի ռազմական աջակցությունը, եթե Բաքուն իրոք ցանկանա վերսկսել ռազմական գործողությունները: Սակայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկմամբ այդ տեսական ենթադրությունը գրեթե անհնար է դառնում: Նավթը տվյալ դեպքում կայունացնող գործոն կլինի»,-ընդգծել է Կիրո Մանոյանը: