Ա-320-ի հրամանատարը չէր կարող ինքնաթիռը դեպի ծով ուղղել

PanARMENIAN.Net - Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրակացությունը Ա-320-ի կործանման պատճառների հետազոտման արդյունքների վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի Ավիացիոն ազգային ասոցիացիայի (ԱԱԱ) նախագահ Դմիտրի Ադբաշյանը: «Ես համաձայն չեմ եզրակացության հետ: Թռիչքային կազմից ոչ ոք չի հավատում, որ Գրիգոր Գրիգորյանը, ողջ կյանքը թռչելով ամենատարբեր ինքնաթիռների վրա, կարող էր օդանավը ուղիղ ծովն ուղղել: Նա չէր կարող սխալվել, օդաչուի նրա որակավորումը բավականին բարձր է: Ծիծաղելի է ասել, թե նա կորցրել է տարածական կողմնորոշումը: Օդաչուներին դեռեւս առաջին դասարանում են սովորեցնում, թե ինչպես չկորցնել տարածական կողմնորոշումը: Տասնյակ տարիներ, հազարավոր ժամեր` եւ մարդը կորցնու՞մ է տարածական կողմնորոշումը: Ոչ մի օդաչու չի հավատա ՄԱԿ-ին, այդ եզրակացությունը արված է անիրազեկ ուղեւորների համար»,-նշել է Ադբաշյանը: Նա ընդգծել է, որ ինքնաթիռը կործանվել է սեփական մեղքով: Օդաչուներն ինքնասպաններ չեն: Մի գրոշի արժեք անգամ չունի այնպիսի ինքնաթիռը, որը օդաչուի սխալի պատճառով վթարի է ենթարկվում, նման ինքնաթիռի վարման տեխնիկայում տեղ գտած սխալը չպետք է վթարի հանգեցնի: Ա-320-ի վրա չկա ինքնավար սարք` դա անգրագետ ձեւակերպում Է: Կա ինքնաթիռի կառավարման եւ կայունության ինքնավար համակարգ, որն ինտեգրված է կառավարաման համակարգի մեջ, այսինքն` ինքնաթիռի կառավարման մարմինների հետ: Որքան էլ անջատես, նա լիովին չի անջատվում: Այն շարունակում է գործել, անկախ օդաչուի ցանկությունից»,-ասել է Ադբաշյանը:



Դ.Ադբաշյանը համոզված է, որ ՄԱԿ-ի եզրակցությունը նպատակ ունի փրկել Սոչիի վարկը, որը հավակնում է ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը:



Նրա խոսքերով, «Ադլեր» օդանավակայանը չի համապատասխանում Ռուսաստանի դաշնային ավիացիոն կանոնների պահանջներին: «Կանոններում ասված է, որ թռիչքները վտանգավոր օդերեւույթաբանական պայմաններում արգելված են: Վտանգավոր են համարվում 6 տեսակները: Ես կառանձնացնեմ միայն երկուսը, որոնք այդ օրը առկա էին` ուժեղ տեղումներ անձրեւի տեսքով եւ քամու տեղաշարժ: Սոչիի օդանավակայանում չկան սարքավորումներ, որոնց օգնությամբ հնարավոր լիներ պարզել վտանգավոր օդերեւույթաբանական պայմանների առկայությունը վայրէջքի հետագծի վրա: Օդանավակայանն իրավունք չունի ընդունել Airbus կարգի ինքնաթիռներ, չունենալով համապատասխան սարքեր: Նրանք, ովքեր թույլ են տվել նման ինքնաթիռների թռիչքները Սոչի, պետք է պատասխանատվություն կրեն հայկական օդանավի կործանման համար»,-ասել է Ադբաշյանը: Նա նաեւ նկատել է, որ այն, ինչ տեղի է ունեցել ինքնաթիռի հետ, աէրոդինամիկայի դասագրքերում նկարագրված ինքնաթիռի վարքագծի պատկերն է այսպես կոչված «թռցնելու» երեւույթի ժամանակ:
 Ուշագրավ
---