ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում. Ադրբեջանը գործածում է ծանր զինտեխնիկա և խափանում ՄԽ աշխատանքը

ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում. Ադրբեջանը գործածում է ծանր զինտեխնիկա և խափանում ՄԽ աշխատանքը

PanARMENIAN.Net - Ցավալի է, որ ՀՀ նախագահի կողմից թուրք գործընկերոջն ապրիլի 24-ին Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը մասնակցելու մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի իշխանությունների համար, ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ՝ հիշեցնելով, որ հրավերն անձամբ է փոխանցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեր ազգային օրակարգի այսօրվա կարևորագույն հարցի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման մասին նշել է. «Դեռևս 1915-ի մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ»։ Սա «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթի՝ միջազգային մակարդակով կիրառման առաջին դեպքերից էր, որը հանգեցրեց նրա ձևակերպմանը որպես միջազգային իրավական համակարգի անքակտելի հասկացություն։ Հայոց ցեղասպանության ժամանակակիցների համար իրապես կարող էր հրաշք թվալ, որ հայ ժողովուրդը կարողանալու է գոյատևել և վերականգնել իր պետականությունը»:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ լինելով Ցեղասպանության սարսափներով անցած ազգ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս առումով ամենաարդյունավետ միջոցներից է անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչումը։

Խոսելով 2014-ի սեպտեմբերին ահաբեկիչների կողմից Սիրիայի Դեյր Զոր քաղաքի՝ Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դա ցավալի և, միաժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալի և ներկա հանցագործությունների միջև։

«Վերջերս մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են ԻԼԻՊ-ի զինյալները ավերում Մոսուլի թանգարանի 2700-ամյա արձանները։ Քաղաքակրթության դեմ այս հանցագործությունը ահարկու հիշեցումն է նախկինում իրականացված նմանատիպ բարբարոսական գործողությունների, ինչպիսին էին՝ Բուդդայի Բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերը», - ասել է նախարար Նալբանդյանը։

Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ տարբեր կառույցների հետ ՀՀ գործակցությանը՝ նշելով, որ Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն` և՛ որպես նորմերի ձևավորման, և կիրառման կազմակերպություն, և շարունակում է սերտ գործակցել ԵԱՀԿ կառույցների հետ, ներառյալ` Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ու ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի հետ:

«Վերջիններիս ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում դրական են ընդունվում մեր երկրում՝ հավասարապես թե՛ կառավարության և թե՛ քաղաքացիական հասարակության կողմից: Մարդկային հարթությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության առաջնահերթություններից է, որը ներկայումս կազմակերպության միակ լիարժեք գրասենյակն է Հարավային Կովկասում: Հայաստանում դրական զարգացումներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, խոսքի, հավաքների, ազատ մամուլի և համացանցի ոլորտներում»,- ընդգծել է նա:

Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցության մասին նախարար Նալբանդյանը փաստել է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից օգտվելու և բաժանարար նոր գծերից խուսափելու, ԵՏՄ – ԵՄ պարագայում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով համապարփակ գործակցությունը շարունակելու հնարավորությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում:

Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների մասին՝ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «2014-ին՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնության ստորագրման 20-ամյակի տարում, Բաքուն լրջորեն սրեց իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական շրջանները, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ»:

Ըստ նախարար Նալբանդյանի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարին և «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով ներթափանցումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Հայկական կողմ ուրախ է, որ համանախագահներն ի վերջո արձագանքեցին իր կոչերին՝ հստակորեն մատնանշելով բռնության պատասխանատու կողմը:

«Փետրվարին՝ տարածաշրջան իրենց վերջին այցելության ընթացքում համանախագահները հայտարարեցին. «Նախագահները համաձայնեցին դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը»: Սակայն, համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո Ադրբեջանը հրաժարվեց առաջարկներից և առավել սրեց իրավիճակը՝ ցուցադրելով իր աղաղակող արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ:

Շփման գծի միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության իրականացումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար»,- ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է.

«Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով գործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով»:

Ըստ Նալբանդյանի՝ նույնը տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր Նախարարական խորհրդի նախապատրաստական փուլում, երբ Ադրբեջանը պատանդ է դարձնում մեր համատեղ որոշումները՝ փորձելով պարտադրել իր նեղ նպատակները:

«Ադրբեջանական սադրանքներն արտահայտվել են նաև մշտական ագրեսիվ, ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Բազմաթիվ անգամներ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով և հայտարարել, թե Հայաստանը և իր հինավուրց մայրաքաղաքը ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանը պատժում է նրանց, ովքեր համարձակվում են մտածել հաշտեցման մասին և խրախուսում նրանց, ովքեր հայերի հանդեպ հանցագործություններ են իրականացնում»:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար՝ մերժելով առաջարկները, որոնք նախորդ 6 տարվա ջանքերի արդյունքն են:

«Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով առաջիկայում Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդավարական գործընթացներն Արցախում նպատակ չունեն ազդելու խաղաղ գործընթացի վրա կամ ինչ-որ կերպ նպաստելու միջազգային ճանաչմանը: Նա հիշեցրել է աշխարհում ազատության վերաբերյալ Freedom House-ի 2015-ի զեկույցը, որոց Արցախը շատ առաջ է Ադրբեջանից՝ հիմնարար ազատությունների առումով:

«Այդ պատճառով էլ պատահական չէ, երբ Բաքուն քննադատում է Արցախում անցկացվող ընտրությունները` հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ներկայիս վիճակը: Այնուամենայնիվ, երբեմն մի քանի մասնակից երկրներ, մի կողմից հայտնելով իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, մյուս կողմից այնպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որոնք հակասում են խաղաղության գործընթացի ոգուն և բովանդակությանը: Համանախագահները հստակ նշում են, որ ընտրական գործընթացի միջոցով «Լեռնային Ղարաբաղը փորձում է ժողովրդավարորեն կազմակերպել իր բնակչության հանրային կյանքը»:

Էդվարդ Նալբանդյանը ելույթը եզրափակել է կոչով՝ ուղղված բոլոր մասնակից երկրներին՝ հետևել համանախագահների ձևակերպումներին՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ, այլև հիմնահարցի հետ կապված այլ հարցերում, քանի որ այս ձևաչափը միջազգայնորեն միակ մանդատ ունեցող մարմինն է հիմնահարցի կարգավորման գործում, և համանախագահների արտահայտություններից ցանկացած շեղում կարող է նշանակել կողմնակալ մոտեցում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---