Քուվեյթյան հիմնադրամը պատրաստ է քննարկել ՀՀ-ում խոշոր ներդրումների հնարավորությունը

Քուվեյթյան հիմնադրամը պատրաստ է քննարկել ՀՀ-ում խոշոր ներդրումների հնարավորությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քուվեյթյան հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Քուվեյթի հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ քուվեյթյան հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում և պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր՝ դրանք կյանքի կոչելու համար: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:

Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ հիմնադրամը Հայաստանում նաև մի շարք ծրագրեր է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) շրջանակում և այսուհետ ևս կշարունակի աջակցել ՀՀ-ի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը:

Վարչապետ Աբրահամյանն ողջունել է հիմնադրամի կողմից ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը և ընդգծել, որ որպես ՀՀ կառավարության ղեկավար անելու է ամեն ինչ, որպեսզի հայ-քուվեյթյան տնտեսական կապերը զարգանան և ընդլայնվեն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ.-ին պետական այցով այցելել է Քուվեյթ և հանդիպել այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության և հայ համայնքի հետ: Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հուլիսին:Քուվեյթում բնակվում է շուրջ 4000 հայ, որի գերակշիռ մասն ապրում է Հավալի նահանգում, որի մաս կազմող Ալ-Սալմիյա շրջանում է գտնվում նաև Սուրբ Վարդանանց եկեղեցին։ 20-րդ դարի 50-ական թվականների կեսերին աշխատանք գտնելու նպատակով Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Պաղեստինից, Հորդանանից, Իրանից Քուվեյթ տեղափոխվեցին բազմաթիվ հայեր: Ժամանակի ընթացքում Քուվեյթում ձևավորվեց լավ կազմակերպված համայնք:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն առանձնակի ընդգծել է Քուվեյթի կառավարության դերը, որն առաջիններից էր, որ իր օգնության ձեռքն է մեկնել հազարավոր սիրիացիներին, այդ թվում նաև՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերին: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով, պատահական չէ, որ Քուվեյթի Պետությունը 2014 թվականի օգոստոսի 18-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է Միջազգային մարդասիրական կենտրոն, իսկ Քուվեյթի Էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը մարդասիրական գործունեության համար արժանացել է Մարդասիրական առաջնորդ կոչմանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---