«Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովին կժամանի շուրջ 2000 մարդ

PanARMENIAN.Net - «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովի ընթացքում գնահատական կտրվի Հայաստանի անկախության 15 տարիներին եւ ռազմավարություն կմշակվի նոր մարտահրավերներին դիմակայելու համար»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, համաժողովին կհավաքվեն շուրջ 2000 պատվիրակներ, որոնք կներկայացնեն Սփյուռքի բոլոր շերտերը: «Մենք հատուկ զգուշացրել ենք, որ մասնակիցների զեկույցները պարտադիր պետք է պարունակեն այդ երկու հիմնական կետերը: Այժմ ազգը գտնվում է կարեւոր փուլում` այն արդեն կայացել է քաղաքականապես եւ Սփյուռքը ցանկանում է ավելի մեծ մասնակցություն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում»,-ասել է Օսկանյանը: Նշելով Հայաստանի եւ ամբողջ աշխարհով մեկ ցրված հայ համայնքների միջեւ գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը, Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ-ն) Արա Աբրահամյանի գլխավորությամբ գործում է հայության շահերից ելնելով: «Սակայն նա դեռ չի անում այն, ինչի մասին հայտարարել է հիմնադրման ժամանակ: Սփյուռքը շատ տարաբնույթ է եւ այն միավորելն այնքան էլ հեշտ չէ, այստեղ ոչ միայն դրամ է պետք, այլ նաեւ գլխավոր նպատակի ըմբռնում: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը դրական է գնահատում ՀՀԿ-ի գործունեությունը եւ Արա Աբրահամյանը հրավիրված է համաժողովին որպես զեկուցող»:
 Ուշագրավ
---