Նալբանդյան. Հայաստանի նպատակն է` շարունակել ԵՄ հետ համապարփակ գործակցությունը16 մայիսի 2015 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը, Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Մարգոտ Վալստրյոմը և Գժեգոժ Սխետինան: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը ելույթով բացեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով կարևորեց հանդիպման անցկացումը՝ որպես Ռիգայի գագաթաժողովից առաջ մտքեր փոխանակելու արդյունավետ հարթակ։ Նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասաց. «Հայաստանը ԵՄ հետ իր համապարփակ գործընկերության բոլոր հնարավոր ոլորտներում կարևոր նպատակներ ունի իրականացնելու՝ լայն քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության խորացման, մարդկային շփումների ակտիվացման և առևտրի ու տնտեսական համագործակցության դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով։ Ոլորտային ճյուղերում մեր համագործակցության ակտիվացման համար մենք մտադիր ենք Հանձնաժողովի հետ ամփոփել բանակցությունները՝ գիտության և հետազոտության բնագավառում ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շուրջ, ինչպես նաև բանակցություններ սկսել՝ Ձեռնարկությունների և Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրերին (COSME) Հայաստանի մասնակցությունը ապահովելու համար։ Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է արտահայտել ԵՄ հետ ստորագրել Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը: Մենք բարձր ենք գնահատում Արևելյան գործընկերության շրջանակներում տարիներ ի վեր ԵՄ շարունակական աջակցությունը և օժանդակությունը մեր երկրին, որը կարևոր դեր է ունեցել Հայաստանում բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման արդյունավետության և շարունակականության համար: Մենք ողջունել ենք Եվրոպական հարևանության քաղաքականությունը վերանայելու Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը, ինչը առիթ է բոլորիս համար՝ մտորելու անցյալի մեր փորձի շուրջ և մատնանշելու ապագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Իրավիճակը առավել լայն Հարևանությունում նոր մարտահրավերներ է առաջ բերում և, անկասկած, պահանջում է նորացված համագործակցային մոտեցումներ։ Մենք կարծում ենք, որ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումը պետք է արտացոլի ժողովրդավարության, օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքներին հավատարմության կարևորությունը։ Մենք նաև կարծում ենք, որ նոր քաղաքականության շրջանակներում ձեռքբերումների վրա հիմնված տարբերակման և «ավելին ավելիի դիմաց» սկզբունքները պետք է ամրապնդվեն և համապատասխանաբար շարունակվեն իրականացվել՝ արտացոլելու գործընկեր պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը։ Ես կցանկանայի անդրադառնալ ԵՄ հետ մեր ապագա պայմանագրային հարաբերությունների մշակման գործում առաջընթացին: Նախորդ տարվա նոյեմբերից ի վեր մենք` մեր ԵՄ գործընկերների հետ, աշխատում էինք նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ։ Այն կարտացոլի ԵՄ հետ մեր նախկին բանակցությունների բովանդակությունը` նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: Մարտի կեսերին Հայաստանի և ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը, ինչը հնարավորություն կընձեռի սկսել բանակցությունները։ ԵՄ - Հայաստան ինստիտուցիոնալ ձևաչափերի հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակներում և ավելի քան տասնյակ աշխատանքային խմբերում։ Մենք սա դիտարկում ենք որպես կարևոր և օգտակար հարթակ՝ կիսելու լավագույն փորձը և նպաստելու լայն համագործակցությանը։ Շարժունակության գործընկերությունը ընթացքի մեջ է 2011թ.-ից, և մի շարք ծրագրեր են իրականացվում այդ շրջանակներում։ Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից։ Մեր կողմից՝ Հայաստանի կառավարությունը 2013թ.-ից վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստան - ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները, և մենք հուսով ենք, որ մենք որքան հնարավոր է շուտ կկարողանանք սկսել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ Արևելյան գործընկերության հետ կապված նոր մարտահրավերները պահանջում են նոր համագործակցային մոտեցումներ։ Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները առավել հեռատեսական մոտեցման միջոցով՝ հիմնված հնարավորությունների և ոչ թե անհամատեղելիությունների վրա։ Մեր նպատակն է՝ հենվելով նախորդ տարիներին արձանագրված արդյունքների վրա՝ շարունակելու ուղին դեպի խորը և համապարփակ համագործակցություն ԵՄ հետ»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |