Հայաստանի տարվա անցկացումը Ֆրանսիայում վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին

PanARMENIAN.Net - Պաշտոնապես Ֆրանսիայում Հայաստանի տարին մեկնարկում է սեպտեմբերի 21-ին եւ ավարտվում է հուլիսի 14-ին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, շատ խորհրդանշական է, որ միջոցառումները մեկնարկում են Հայաստանի Անկախության օրը եւ ավարտվում են Ֆրանսիայի Հանրապետության օրը: «Հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Երեւանում երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի մասնակցությամբ, Շարլ Ազնավուրի համերգով: Փակումը կլինի Փարիզում 2007 թվականի սեպտեմբերին: Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք եզրափակիչ համերգի ծրագում կհնչեն Արամ Խաչատուրյանի եւ Մորիս Ռավելի ստեղծագործությունները»,-ասել է դեսպանը: Նա ընդգծել է, որ Խաչատուրյանի «Սուսերով պարը» եւ Ռավելի «Բոլերոն» դարձել են 20-րդ դարի երաժշտության խորհրդանիշը: Դեսպանն ընդգծել է, որ նման տիպի միջոցառումները վկայում են երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Էդվարդ Նալբանդյանը պատմել է նաեւ մի շարք միջոցառումների մասին, որոնք կանցկացվեն Փարիզում: Մասնավորապես, նրա խոսքերով, հոկտեմբերի 10-ին Փարիզում կմեկնարկեն Հայաստանի Անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումները: «Հոկտեմբերին Փարիզում Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային Ժողովի հովանու ներքո տեղի կունենա կոնֆերանս, որին կմասնակցի ՀՀ կառավարական պատվիրակությունը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Կոնֆերանսում կքննարկվեն տնտեսական համագործակցության ապակենտրոնացման հարցեր: Նոյեմբերին տեղի կունենա երկու երկրների Առեւտրա-արդյունաբերական պալատների ներկայացուցիչների հանդիպումը: Իսկ փետրվարին Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք Համաշխարհային գյուղատնտեսական ցուցահանդեսին»,-ասել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
---