Shadowmatic-ը՝ Apple Design Awards-ի առաջին հայկական մրցանակակիր

Shadowmatic-ը՝ Apple Design Awards-ի առաջին հայկական մրցանակակիր

PanARMENIAN.Net - Shadowmatic բջջային խաղը շարունակում է հաղթարշավը ոչ միայն երկրպագուների ստվար բանակի տեսքով, որի քանակն աշխարհում օրեցօր աճում է: Հայկական Triada Studio Games ստուդիայի մանրակրկիտ և վիրտուոզ եռամյա աշխատանքի արդյունքն արդեն հասցրել է բազմաթիվ, այդ թվում նաև միջազգային հեղինակավոր մրցանակների արժանանալ խաղերի ինդուստրիայում: Իսկ այսօր արդեն խաղն արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարի ամենաբարձր դրվատանքին` Shadowmatic-ը դարձել է Apple Design Awards-ի մրցանակակիրը:

Apple Design Awards (ADA)-ը հատուկ միջոցառում է, որը կորպորացիան անցկացնում է խաղային հավելվածներ մշակողների համար՝ WWDC ամենամյա համաշխարհային կոնֆերանսի շրջանակում: Մրցույթն ի հայտ է բերում iOS и Mac OS X օպերացիոն միջավայրերի համար նախատեսված անկախ հեղինակների ստեղծած ամենատաղանդավոր, նորարարական և լավագույն ծրագրային և ապարատային մշակումները: Պարգևները հանձնվում են տարբեր անվանակարգերում, որոնք ամեն տարի փոխվում են: 2003-ից ի վեր խորանարդի տեսքով մրցանակները հանձնվում են յուրաքանչյուր նոմինանտի: Խորանարդի մի կողմում Apple-ի լոգոտիպն է, որը լուսավորվում է դրան դիպչելիս:

Խաղի հեղինակները հենց սկզբից նպատակ էին դրել ստեղծել բարձրորակ և եզակի պրոդուկտ, որը ոչ միայն սիրված կդառնա գեյմերների շրջանում, այլ նաև թույլ կտա օգտատերին զարգացնել երևակայությունն ու կատարելագործել ռեակցիան: Shadowmatic-ի գլուխկոտրուկները լուծելու համար պահանջվում է գտնել ստվերում թաքնված ուրվանկարները:

Երեխա ժամանակ բոլորս էինք սիրում խաղալ պատի վրայի սեփական ստվերի հետ: Երբեմն հաջողվում էր ձեռքերի ու մատների շարժումների միջոցով ինչ-որ բան պատկերել պատին` շնիկ, կարապ և այլն: Shadowmatic-ը ոչ միայն խաղում է մեր երևակայության հետ, այլ նաև թույլ է տալիս ժամանակի հետ կատարելագործել շարժումների կոորդինացիան ու ռեակցիայի արագությունը: Խաղացողը գործ ունի տարբեր բարդության առարկաների հետ (ամեն ինչ կախված է բարդության աստիճանից), որոնց տեղերը փոխելով անհրաժեշտ է ստանալ այս կամ այն առարկան այն ստվերներից, որոնք առաջացնում են կիրառվող առարկաները: Կան նաև գաղտնի մակարդակներ, որտեղ խաղացողը կարող է ոչ թե մեկ, այլ մի քանի ստվեր ստանալ տարբեր առարկաների տեսքով:

Խաղը 9 սենյակ ունի և ավելի քան 70 մակարդակ: Յուրաքանչյուր սենյակն ունի իր ուրույն մթնոլորտն ու համապատասխան երաժշտոկան ուղեկցությունը: Խաղում գործում է հուշումների հատուկ համակարգ, որից օգտատերը կարող է օգտվել անհրաժեշտության դեպքում: Հուշումները օգնում են գուշակել ճիշտ տարբերակը, սակայն դրանցից օգտվելու դեպքում խաղացողը միավորներ է կորցնում: Ամեն դեպքում, խաղից հաճույք ստանալու համար, հեղինակները խորհուրդ են տալիս օգտվել հուշումներից միայն ծայրահեղ դեպքում:

Խաղը թողարկվեց 2015-ի հունվարի 15-ին և անմիջապես հայտնվեց համընդհանուր ուշադրության կենտրոնում: Բոլոր երկրներում խաղը հայտնվեց App Store-ի Editor's Choice («Խմբագրի ընտրությունը») բաժնում, իսկ Apple կողմից ճանաչվեց հունվարի լավագույն խաղը: Ապրիլի 4-ին տեղի ունեցավ ArmNet Awards մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը, որտեղ «Նորարարություն» և «Դիզայն և կոմֆորտ» անվանակարգերում գլխավոր մրցանակները, ինչպես նաև լավագույն բջջային հավելվածի համար գրան- պրին ստացավ Shadowmatic-ը: Մայիսի 17-ին Մոսկվայում խաղեր մշակողների և թողարկողների հերթական միջազգային DevGAMM համաժողովում, որի շրջանակում հանձնվեցին DevGAMM Awards 2015-ի հաղթողների մրցանակները, Shadowmatic խաղն արժանացավ միանգամից 2 մրցանակի` «Լավագույն գրաֆիկայի համար» և «Մեդիա ընտրություն»: Խաղը նաև հայտնվեց iOS Games կայքի «Օրվա խաղը» բաժնում, որը նվիրված է iPhone, iPad և iPod Touch համար նախատեսված խաղերին:

Shadowmatic-ը հասանելի է iOS հարթակում աշխատող սարքավորումների համար: Այն հարմարեցված է iPhone 3GS և բարձր, iPad 2-ի և բարձր, 4-րդ սերնդի iPod Touch-ի և բարձր մոդելների սարքերի համար: Հետագայում խաղը հասանելի կլինի նաև այլ բջջային և դեսքթոփ հարթակներում:

Խաղի հեղինակը Triada Studio Games-ն է, որը համակարգչային գրաֆիկայի ու անիմացիայի ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Triada Studio-ի նոր ստորաբաժանումն է։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---