Հայկական կողմը պատերազմը վերսկսելու ոչ մի դրդապատճառ չունի

PanARMENIAN.Net - Հայկական կողմը ուժ կիրառելու, պատերազմը վերսկսելու ոչ մի դրդապատճառ չունի: Հետեւաբար, այս առումով իմաստ չունի դիտարկել հայկական կողմը, իհարկե, եթե հաշվի չառնենք հնարավոր սադրանքները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Այլ հարց է ադրբեջանական կողմը: Կարծում եմ, որ մոտակա եւ տեսանելի ապագայում մեր հարեւանների ռեսուրսները` ոչ նյութական, ոչ քաղաքական, ոչ որեւէ այլ բնույթի, չեն բավականացնի պատերազմ սկսելու եւ բլիցկրիգով (Եգիպտոսում Իսրայելի վեցօրյա պատերազմի օրինակով) դրված նպատակներին հասնելու համար: Կցանկանայի ընդգծել, որ ես դիտարկում են խնդրի ռազմական տեսակետը, առավելապես, նույնիսկ արհեստականորեն հեռանալով քաղաքական բաղադրիչից, որը 21-րդ դարում գերակայում է: Այնուամենայնիվ, պատերազմը քաղաքականության շարունակությունն է, այլ ոչ թե հակառակը: Իսկ Թալեյրանը ասում էր, որ պատերազմը չափազանց լուրջ գործ է, այն զինվորականներին վստահելու համար: Եվ ես կարծում եմ, որ հարցերի լուծումը իրականում, ոչ թե բառացի` քաղաքական հարթակում է»,-ասել է հայ փորձագետը: Նա նաեւ ընդգծել է, որ բանակները կարեւոր են, դրանք միշտ եղել են, կան եւ կլինեն, սակայն դեռեւս փաստ չէ, որ «տանկերը կան` խելք պետք չէ»:



«Կարծում եմ, որ, չնայած տարբերությանը հռետորության մեջ, երկու կոմերն էլ հավասարապես գիտակցում են, որ գործնականում անհնար է ռազմական գործողությունները վերսկսել: Ինձ թվում է, որ երկու կողմերը հասկացել են, որ ներկայիս ստատուս-կվոն միջազգային հանրությունը այլեւս մտադիր չէ հանդուրժել, եւ հարցի լուծումը փուլային է: Սա սկզբունքորեն, իսկ «սատանան մանրամասների մեջ է», որոնք էլ ինտենսիվորեն մշակում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ամեն անգամ ավելացնելով ճնշումը ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա` ձգտելով հասնել շրջանակային պայմանագրի ստորագրմանը: Իսկ մնացածը, այն ամենն ինչ արվում կամ ասվում է մեծ աղմուկով ներքին օգտագործման համար է, face saving-ի տարրերով»,-ընդգծել է Մեհրաբյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    ---