Մոտ 32.000 ՀՀ քաղաքացու մուտքը ՌԴ արգելված է

Մոտ 32.000 ՀՀ քաղաքացու մուտքը ՌԴ արգելված է

PanARMENIAN.Net - ՌԴ-ից հնարավոր արտաքսման ենթակա 2,7 միլիոն օտարերկրյա քաղաքացիների թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ: Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ից արտաքսման, այսպես կոչված՝ ռիսկային խմբում կան ՀՀ երկու կատեգորիայի քաղաքացիներ. 1,46 մլն անձ, որոնք արդեն դուրս են եկել Ռուսաստանից և նրանց հետագա մուտքը արգելված է, և անձինք, որոնք խախտումներ են կատարել, բայց շարունակում են մնալ այդ երկրում: Երկու կատեգորիայում էլ ՀՀ քաղաքացիներ կան:

Եգանյանը նշել է, որ առաջին խմբում ՀՀ քաղաքացիների թիվը 30-32.000 է: Երկրորդ կատեգորիայում հայաստանցիների թիվը դեռևս անհայտ է, գրում է Tert.am-ը:

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը հուլիսի 22-ին հայտարարել է, որ 1,5 մլն օտարերկրացիների մուտքը Ռուսաստան արգելված է իմիգրացիոն օրենսդրությանխախտման պատճառով: 2015-ի մեկնարկից ի վեր ԴՄԾ տվյալներով Ռուսաստան է ժամանել 10,6 մլն օտարերկրացի: Այժմ ՌԴ տարածքում այլ պետությունների 11 մլն քաղաքացի կա: Այդ թվում մոտ 1 մլն փախստական Ուկրաինայի հարավ-արևելքից: Ըստ ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու, միգրացիոն օրենսդրության խախտման համար Ռուսաստանից կարող է արտաքսվել այլ պետությունների 2,7 մլն քաղաքացի:

« Ի տարբերություն 1.400.000 այլ քաղաքացու, Հայաստանի համար մշակված է արգելանքի որոշումը վերանայելու մեխանիզմ»,- նշել է պետծառայության ղեկավարը:

Նրա տեղեկացմամբ` նման արգելի տակ գտնվող մոտ 10.000 քաղաքացու դիմումները հավաքագրվել են, և շաբաթական 150-200 անձի դիմում հաճախականությամբ գործերը` կից փաստաթղթերով, ՀՀ-ից ուղարկվում են ՌԴ` խնդրանքով, որ արգելանքը հանվի:

Նախորդ տարվա հունիսին, երբ համակարգը ներդրվեց, 5 դիմումից 1-ն էր դրական պատասխանի արժանանում, այսինքն` 21%-ը, այժմ, ըստ Եգանյանի, դրական պատասխանների թիվը հասել է 63%-ի:

Գագիկ Եգանյանը հուլիսի սկզբին հայտարարել էր, որ ՀՀ 2600 քաղաքացու համար Ռուսաստանի տարածք մուտքի իրավունքը վերականգնվել է:

«Մեզ դիմել է 9500 մարդ։ Նրանցից յուրաքանչյուրի հետ բացատրական աշխատանք է տարվել և ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Նրանցից շատերն անգամ չգիտեին, թե ինչ խախտումներ են թույլ տվել Ռուսաստանում։ Ամեն օր մեզ 20-60 քաղաքացի է դիմում։ 9500 դիմումից 6000-ի նամակներն արդեն պատասխան են ստացել, ՀՀ 2600 քաղաքացի նորից ՌԴ մուտք գործելու իրավունք է ստացել», - ասել է Եգանյանը, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ աշխատանքային միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը:

Եթե նախկինում քաղաքացին Ռուսաստան մուտք գործելու արգելք էր ստացել, ապա ՌԴ ԴՄԾ-ն բարենպաստ ռեժիմ կսահմանի որոշումը բողոքարկելու դիմումների համար քաղաքացիների միանգամից մի քանի կատեգորիայի համար.

1. ՀՀ այն քաղաքացիների, որոնք Ռուսաստանում ունեն ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամներ:

«Սկզբում խոսքը գնում էր ծնողների, երեխաների և ամուսինների մասին, սակայն մեր ռուս գործընկերները համաձայնվեցին ներառել նաև քույր-եղբայրներին»,- պարզաբանել է Եգանյանը:

2. ՀՀ այն քաղաքացիների, որոնք ՌԴ են մեկնում սովորելու, բուժվելու կամ հիվանդի խնամելու:

3. ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր իրենց անունով սեփականություն ունեն այդ երկրում:

4. Այն քաղաքացիները, որոնք նախկինում ՌԴ-ում գտնվելու իրավունք էին ստացել՝ աշխատելու թույլտվություն կամ այլ:

5. 50 տարեկանից բարձր անձանց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---