Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի ՀՀ եւ Լեհաստանի համագործակցության համար

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները դրական գնահատեցին երկկողմ հարաբերությունների վիճակը` նշելով դրանց առավել խորացման ուղղությամբ կողմերի պատրաստակամության մասին: Պատմական ակնարկ կատարելով հայ-լեհական առնչությունների վերաբերյալ` Լեհաստանի Սենատի մարշալը վստահություն հայտնեց, որ երկու պետությունները այսօր նոր բովանդակությամբ կհարստացնեն երկկողմ հարաբերությունները: Վարդան Օսկանյանը հատուկ նշեց, որ նոյեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ ստորագրվելիք «Նոր հարեւանության քաղաքականության» գործողությունների ծրագիրը նոր հնարավորություն կընձեռի հայ-լեհական երկկողմ գործակցության համար: Լեհաստանի Սենատի մարշալի խնդրանքով Վ. Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաեւ վրաց-ռուսական հարաբերություններում առկա լարվածության մեղմացման հնարավորությունների վերաբերյալ:
 Ուշագրավ
---