Սիրիայում կռվող ԻՊ գրոհայինները կարող են վերադառնալ Վրաստան և Ադրբեջան20 հոկտեմբերի 2015 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ուժային գործողությունն իր շտկումներն է մտցրել Սիրիայի տարածքում գրոհայինների ակտիվության գործում: ՌԴ ՕՏՈւ հարվածներն ու Սիրիայի կառավարական զորքերի գործողությունները արդեն ստիպել են գրոհայիններին նահանջել տարածաշրջանից: Սիրիական հակամարտությունից ելքերի ուղիները դեռ նոր են ձևավորվում, սակայն Կենտրոնական Ասիայից բացի, ուղղություններից մեկն, անկասկած, կլինի Անդրկովկասը: Վրաստանի Պանկիսիի կիրճը չեչենական պատերազմների տարիներին արդեն որպես ապաստան օգտագործվել է ծայրահեղականների կողմից, իսկ հարևան Ադրբեջանում արագ աճում է կրոնական ծայրահեղականների թիվը: Սիրիայում մարտական փորձ ձեռք բերած ծայրահեղականների նոր խմբերի հայտնվելն Անդրկովկասում կարող է ներսից խարխլել տարածաշրջանի կայունությունը և խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, գրում է Lenta.ru-ն: Ըստ Վրաստանի իրավապահ մարմինների, Սիրիայում և Իրաքում մարտական գործողությունների է մասնակցում Վրաստանի մոտ 300 քաղաքացի: Ջիհադականների զգալի մասը չեչեններն են Պանկիսիի կիրճից: Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների են մասնակցում նաև Թուրքիային սահմանակից Աջարիայի, ինչպես նաև ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի բնակիչներից ոմանք: Ադրբեջանի քաղաքացիներն ավելի շատ են ներգրավված սիրիական հակամարտությունում` տարբեր գնահատականներով 400-1000 մարդ: Անցյալ տարի ասվում էր նույնիսկ Սիրիայում առանձին «ադրբեջանական գումարտակի» ստեղծման հավանականության մասին: Ծնունդով Ադրբեջանից ամենահայտնի գրոհային Հաթաբ ալ Ազերին բացի մարտերին մասնակցելուց հայտնի է նաև իր մեղադրանքներով Ադրբեջանի իշխանությունների հասցեին` պետության աշխարհիկության պահպանման և կաշառակերության համար: Ադրբեջանցիների անունները հաճախ են շրջանառվում ԶԼՄ-ներում: Օրինակ, հունվարին թուրքական պարբերականը պնդում էր, որ ծայրահեղականները գլխատել են ադրբեջանցի դաշտային հրամանատար Սիրաջ Ազերիին: Այսպիսով, Անդրկովկասի ծայրահեղականների զգալի մասը լքել է իր երկրկներն ու մարտական փորձ է ձեռք բերում: Մինչդեռ, գրում է պարբերականը, չնայած ակտիվ իսլամիստների զանգվածային հոսքին Մերձավոր Արևելք, չի կարելի ասել, թե Վրաստանում և Ադրբեջանում անդորր է տիրում: Հակառակը, կրոնական ծայրահեղականության հետ կապված իրավիճակը երկու երկրներում էլ վատթարանում է: Ավելի շատ դա վերաբերվում է մահմեդական Ադրբեջանին, սակայն Վրաստանում ևս կան լարվածության լուրջ օջախներ, մասնավորապես Վրաստանի Պանկիսիի կիրճը, որտեղի չեչենները բավականին մեկուսացած են երկրից: Առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ Պանկիսիի կիրճը հուսալի ապաստան էր ռուսական բանակի դեմ պայքարող գրոհայինների համար: Այստեղ էր թաքնվում դաշտային հրամանատար Ռուսլան Գելաևը, 1999 թ.Մոսկվայում բնակելի տների պայթյունների մեջ կասկածվողները: Վրաստանի իշխանությունները կարողացան վերահսկողություն հաստատել այնտեղ միայն 2003 թ.: Այսօր այդ կիրճն ԻՊ համար Անդրկովկասում կենդանի ուժի ամենակարևոր աղբյուրներից մեկն է: 2000-ականներին տեղի երիտասարդների շրջանում տարածում ստացան սալաֆիթների գաղափարները` նրանք կողմ են կրոնական կանոնների խիստ պահպանմանը, իսլամի մաքրազատմանը «նորամուծություննեից», կրոնական դոգմատների գերակայությանն օրենքի հանդեպ: Վրաստանի իրավապահները չկարողացան ազդեցություն ունենալ այս զարգացումների վրա և ինչպիսին կլինեն հետագա զարգացումները բարդ է ասել: Իրավիճակն Ադրբեջանում ավելի պայթյունավտանգ է, քան Վրաստանում: Ի տարբերություն հարևան երկրի, որտեղ ծայրահեղականության միայն առանձին օջախներ կան, մահմեդական Ադրբեջանն ամբողջ երկրի ապակայունացման վտանգի առջև է հայտնվել: Ավանդաբար Ադրբեջանում ավելի անհանգիստ են հյուսիսային շրջանները, որոնք հարակից են Դաղստանին և բնակեցված են ոչ միայն ադրբեջանցիներով, այլ նաև ավարներով, լեզգիներով: Հենց այստեղ է 1990-ականներից ի վեր նկատվում Թուրքիայից, արաբական երկրներից էմիսարների, ինչպես նաև ռուսաստանցի «վահաբիտների» ներհոսք: Սակայն վերջին 20 տարում սալաֆիթների խոշոր համայնքներ են առաջացել նաև Բաքվում և Ադրբեջանի երրորդ քաղաք Սումգայիթում: 2000-ականներին Բաքվում սալաֆիթների քարոզներին հազարավոր մարդիկ էին հավաքվում` մինչ վարչական միջոցների կիրառումը: Վերջին շրջանում ծայրահեղականներին են միանում նաև շիաները` Ադրբեջանի մահմեդականների 85 տոկոսը շիաներ են: Իրավապահ մարմինները ձերբակալում են սալաֆիթներին, տարբեր պատրվակներով մզկիթներ են փակում, ինչը նպաստում է իրավիճակի սրմանը: Մեկ այլ վտանգավոր միտումը, որը կարող է որոշ հանգամանքներում ապակայունացնել իրավիճակը ներսից, հարաբերությունների վատթարացումն է շիա բնակչության և սունիների միջև: Արտաքին գործոնները և երկու ուղղությունների ծայրահեղականների ռազմատենչ հռետորաբանությունն իրենց գործն անում են: 2013-ի դեկտեմբերին Սումգայիթում բախումներ տեղի ունեցան շիաների և սունիների միջև, երկու հոգի վիրավորվեց նռնակի պայթյունից, ևս 2-ը` դանակահարվեցին: Անցյալ տարվա նոյեմբերին անհայտները փորձեցին հրկիզել սալաֆիթնեի մզկիթը Բաքվի արվարձանում: Սիրիական հակամարտության արձագանքը գնալով ավելի լսելի է դառնում Ադրբեջանում: ՌԴ ՊՆ օդային ուժերի հարվածները ԻՊ գրոհայինների դիրքերին և կառավարական ուժերի ակտիվացումը հանգեցրել են իսլամիստների փախոսւտի: Հոկտեմբերի 5-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ մոտ 3 հազար գրոհային փախել է Հորդանան, մեկ շաբաթ անց Թունիսի ՊՆ ղեկավարը հայտարարեց, որ մոտ 250 գրոհային հեռացել է Սիրիայից և հաստատվել Լիբիայում: «Հաշվի առնելով ԻՊ քրեական բնույթը, նրա կողմնակիցների համար դժվար չի լինի այլ երկրներ անցնելը, առաջին հերթին` Թուրքիա և Հորդանան»,-կարծում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնսիրության կենտրոնի աշխաըակից Անդրեյ Արեշևը: Սակայն, նա կարծում է, որ դեռ վաղ է խոսել գրոհայինների զանգվածային փախուստի մասին: «Ես չէի թերագնահատի ԻՊ հնարավորությունները»,-ասել է նա: Եթե գրոհայինները Սիրիայից վերադառնան Վրաստան և Ադրբեջան, իրավիճակն Ադնրկովկասում կվատթարանա: Հազիվ թե ստացվի փակել նրանց ճանապարհը: Անկասկած, կան նաև զսպող հանգամանքներ: Հավանաբար, գրոհայինների մի մասը, խուսափելով իրավապահներից (Ադրբեջանում Սիրիայի պատերազմի մասնակիցներին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում), կգերադասեն թաքնվել ավելի «բարյացակամ երկրներում», ոմանք էլ կշարունակեն ջիհադն արդեն այլ թեժ կետերում, օրինակ, Լիբիայում կամ Աֆղանստանում: Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ադնրկովկասն այս պահին ԻՊ շահերի կենտրոնում չի գտնվում` դիտարկվելով ավելի շատ որպես մարտական գործողությունների մասնակիցների աղբյուր: Սակայն, իրավիճակը փոխվում է: Հոկտեմբերի 13-ին համացանցում հայտնվեց ԻՊ մամուլի քարտուղար Աբու Մուհամմեդ աշ Ադնանի ձայնագրությունը` «ռուս և ամերիկացի խաչակիրների դեմ» ջիհադի սպառնալիքով: 3 օր անց նախկին ԽՍՀՄ սահմաններին հակամարտության մոտենալու մասին խոսեցին Ղազախստանում` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մատնանշեց այս ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հզորացման անհրաժեշտությունը: «Տարբեր գնահատականներով, ԻՊ կողմից արդեն կռվում է 5-7 000 մարդ ՌԴ-ից և ԱՊՀ-ից: Մենք, անշուշտ, չենք կարող թույլ տալ, որ նրանք Սիրիայում ստացած փորձը կիրառեն մեր տանը»,-ասել է նախագահը: Պուտինը կոչ արեց ուշադիր հետևել իրավիճակին Համագործակցության արտաքին սահմաններին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |