ՄԻԵԴ դատավորներ. Հերքել Հայոց ցեղասպանությունը կնշանակի հերքել ակնհայտը![]() 20 հոկտեմբերի 2015 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճռի վերաբերյալ ՄԻԵԴ մի շարք դատավորներ, ներառյալ ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը, համատեղ կարծիք են ներկայացրել: Դատավճռին «դեմ» քվեարկած յոթ դատավորները փաստաթղթում մասնավորապես գրել են. «Այն, որ հայերի կոտորածները և տեղահանությունը ցեղասպանություն է եղել, կասկածից վեր է: Հայոց ցեղասպանությունը հստակ և հաստատված պատմական փաստ է: Սա հերքելը կնշանակի հերքել ակնհայտը: Բայց սա չէ այս գործի հիմնական հարցը»: «Այս գործը պատմական ճշմարտության կամ 1915-ի իրադարձությունների իրավական գնահատական տալու մասին չէ: Իրական խնդիրը այս գործում այն է, թե արդյոք պետությունները… կարող են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ցեղասպանություն վերապրած առանձին ժողովրդի հիշողությունը վիրավորելը: Մեր կարծիքով, սա իրոք հնարավոր է», ասվում է փաստաթղթում: «Մեր անհամաձայնությունը վճռի հետ վերաբերում է մեծամասնության կողմից դիմումատուի հայտարարություններին տրված մեկնաբանություններին: Այդ չարաբաստիկ հայտարարությունների և դրանց հետևանքների նշանակությունը այս դատավճռի շրջանակներում շարունակաբար նվազեցվում էր», - պնդել են ՄԻԵԴ դատավորները իրենց համապարփակ զեկույցում, հայտնում է Panorama.am-ը: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում ընդունեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Դատարանը եզրակացրել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Եվրոպական դատարանը Փերինչեքի գործով վճիչը կայացրել է դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայնի հարաբերակցությամբ: «Ժողովրդավար հասարակությունում հայկական համայնքի շահերը պաշտպանելու համար Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել անհրաժեշտ չէր», - ասվում է որոշման մեջ: «Անհերքելի է, որ Փերինչեքի պատիժն ու դատապարտումը և Շվեյցարիայի հայկական ասոցիացիային հատուցում վճարելու որոշումը նրա ազատ կամարտահայտման իրավունքի խախտում էր», - նշվում է վճռում: Որոշումը վերջնական է ու ենթակա չէ վերանայման: Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»: 2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |