Փոխնախարար. ԵՄ հետ նոր համաձայնագրով փոխադարձ զրոյական մաքսատուրք չի կիրառվի![]() PanARMENIAN.Net - Հայաստանի և ԵՄ միջև իրավական նոր փաստաթուղթ է ստորագրվելու: Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառանալով Եվրոպական հանձնաժողովի՝ ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ ստանալուն: Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ: «Դեռ տարեսկզբին ԵՄ համապատասխան կառույցների հետ մասնագիտական քննարկումներ էին ընթանում՝ ուրվագծելու ստորագրվելիք պայմանագրով գործակցության շրջանակը»,- ասել է փոխնախարարը, մեջբերում է Panorama.am-ը: Փոխնախարարը մանրամասնել է, որ ստորագրվելիք փաստաթղթում հնարավոր չի լինի ներառել տարիֆային մասը, որը ենթադրում էր փոխադարձ զրոյական մաքսատուրքերի կիրառում: «Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրում նախատեսված մնացած հարցերը՝ մտավոր սեփականության պաշտպանության, որակի ենթակառուցվածք, թափանցիկություն, մրցակցություն, մաքսային կարգավորման հարցեր և այլն ներառվելու են, սակայն այստեղ փոփոխություններ կարող են լինել», - ասել է Մելքոնյանը: Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում այսօր կա ընդհանուր ընկալում, թե ինչի շուրջ են խոսելու և նոր համաձայնագրում ինչ կարելի է ներառել: «Ասոցացման համաձայնագրում կար քաղաքական, իրավական, տնտեսական մաս, դրանից բացի կար նաև խոր և համպարփակ առևտրի համաձայնագիրը: Մեր նպատակը եղել է հնարավորինս ընդգրկուն և լայն ընդգրկել գործակցության ոլորտները, միաժամանակ ուշադիր լինել, որ չլինեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կհակասեն Հայաստանի՝ այլ միջազգային ֆորմատներում ստանձնած պարտավորություններին»,-ասել է Մելքոնյանը: Նրա խոսքով՝ ոլորտային գործակցություն է լինելու 28 ուղղությունով: 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Կարդացեք նաև՝ ԵՄ ներկայացուցիչ. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |