Դավիթ Հարությունյան. Գործող սահմանադրության պահպանման դեպքում Սերժ Սարգսյանը կարող է վարչապետ դառնալ

Դավիթ Հարությունյան. Գործող սահմանադրության պահպանման դեպքում Սերժ Սարգսյանը կարող է վարչապետ դառնալ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ վարչապետ կարող է դառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե Հանրապետական կուսակցությունը, հատկապես մեծամասնական պատգամավորների հաշվին ունենա մեծամասնություն խորհրդարանում, ապա կձևավորի իր կառավարությունը: Ես չեմ բացառում, որ, ի վերջո, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, և գործադիր իշխանության բոլոր լծակները կտեղափոխվեն ՀՀ նախագահի դաշտից դեպի վարչապետ», - ասել է Հարությունյանը, հայտնում է «Ա1+»-ը:

Նրա խոսքով՝ դա շատ բնական զարգացման սցենար է, եթե սահմանադրությունը չփոխվի:

«Կարծում եմ, իշխանությունը ամեն ինչ կանի, որպեսզի նախագահ ևս լինի իր թեկնածուն, բայց անգամ եթե նախագահ է լինելու ընդդիմադիր թեկնածուն, ապա նա արդեն զրկված կլինի գործադիր իշխանության լծակներից, որովհետև խորհրդարանական մեծամասնությամբ դրանք օրենքի ուժով կստանձնի վարչապետը: Մենք կունենանք գրեթե այն պատկերը, ինչ վարչապետ Պուտինի և նախագահ Մեդվեդևի պարագայում», - նկատել է Հարությունյանը:

Հուլիսի 16-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ նոր սահմանադրության ընդունման դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի նախատեսում զբաղեցնել ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնը:

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը հերքեց կարծիքը, թե գործող նախագահն իր իշխանության վերարտադրության հարցն է լուծում:

ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
---