Նախագահը` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին. Էթնիկ զտումները շարունակվում են

Նախագահը` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին. Էթնիկ զտումները շարունակվում են

PanARMENIAN.Net - 2015-ի սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը, Հայաստանի նախաձեռնությամբ, միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Այդ օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948-ին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց ցեղասպանությունների սահմանման և ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում:

Մեր օրերում, երբ աշխարհի առաջադեմ հանրությունը ոգեկոչում է նախորդ դարի ամենավայրագ հանցագործությունների կարևոր տարելիցները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ, Օսվենցիմի ազատագրման 70-րդ, Կամբոջայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաև Ռուանդայի, Պոնտոսի հույների, ասորիների և այլ վայրերում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները, մեր աչքի առջև շարունակում է խեղվել մարդկության պատմությունը, մեր աչքի առջև իրականցվում են էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ոչնչացվում են քաղաքակրթության հազարամյա մշակութային կոթողներ, ջնջվում է ժողովուրդների հիշողությունը», - ասել է նախագահը:

Նրա խոսքով` ուստի, միջազգային հանրությունը կրկին համախմբվել է՝ ամեն տարի դեկտեմբերի 9-ին պատգամելու, որ այս ծանրագույն հանցագործության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն դրսևորումը ընդդեմ ցեղասպանությունների միասնական պայքարն է:

Սարգսյանը նշել է, թե հենց այդ միասնականության արդյունքում էր, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը սատարեց ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիքի` Հայաստանի Հանրապետության առաջարկությանը և Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձևով դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ նախաձեռնությունը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի մեր հանձնառության կարևոր ձեռքբերումներից էր, որ հատուկ խորհուրդ ստացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում:

«Այսուհետ դեկտեմբերի 9-ը ոչ միայն Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, այլև յուրաքանչյուր տարվա այդ օրը համախմբվելու ենք ՄԱԿ-ի բարձր հովանու ներքո, վերաիմաստավորելու օրվա խորհուրդը՝ «Այլևս երբեք»», -եզրափակել է նախագահը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոր բանաձևով դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր է հռչակել։ Այդ կապակցությամբ Պաշտպանության համար պատասխանատվություն կրող համաշխարհային կենտրոնը (The Global Centre for the Responsibility to Protect) առանձնահատոկ շնորհակալական խոսք է հղել Հայաստանին` բանաձևի ընդունման գործում մեծ ներդրումի համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի հիմնական առաքելությունն է հիշել անցյալում իրագործված սարսափելի ոճիրները՝ հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար:

Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովում իաձայն ընդունվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

ՄԱԿ-ի օրինագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը և սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ:

«Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Աղբյուրների և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել է ավելի քան 700.000 հույն` կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով»,-ասվում է փաստաթղթում:

Կարդացեք նաև` Դեկտեմբերի 9-ը. Աշխարհում առաջին անգամ հիշատակում են ցեղասպանության զոհերին

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---