ԼՂՀ ՊՆ. Առաջնագծում զինվոր է զոհվել, իրադրությունը մնում է լարված

ԼՂՀ ՊՆ. Առաջնագծում զինվոր է զոհվել, իրադրությունը մնում է լարված

PanARMENIAN.Net - Իրադրությունն առաջնագծում մնում է լարված: Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից արկակոծել ՊԲ մարտական դիրքերը:

Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը:

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (11 արկ), 82 (66 արկ), 120 (14 արկ) միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 (16 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (35 կրակոց):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի սադրիչ գործողությունները անպատիժ չեն մնալու: Ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Դեկտեբերի 6-ից իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կտրուկ սրվել է: Դեկտեմբերի 9-ին հակառակորդն առաջին անգամ տանկի արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---