Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 8000 կրակոց

Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 8000 կրակոց

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 8000 կրակոց:

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վերջին երկու օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը դեկտեմբերի 25-ին կրկին խախտվել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ: Ժամը 13:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997-ին ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:

Ադրբեջանը վերջին շրջանում, մասնավորապես՝ Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, կրկին ինտենսիվացրել էր հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Շեշտակի աճած գնդակոծություններին, ականանետերի ու նռնականետերի կիրառմանը զուգահեռ, Ադրբեջանը մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր է կատարել շփման գծի տարբեր ուղղություններում, որոնց հետևանքով երկու կողմերը կրել են զոհեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---