Ռոուհանին` Սարգսյանին. Պետք է ջանք չխնայենք Սև ծովն ու Պարսից ծոցն իրար կապելու համար

Ռոուհանին` Սարգսյանին. Պետք է ջանք չխնայենք Սև ծովն ու Պարսից ծոցն իրար կապելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոուհանին հունվարի 24-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին և գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Իրանական Mehr գործակալությունը, որոշ մանրամասներ ներկայացնելով հեռախոսազրույցի վերաբերյալ, գրել է, որ Ռոուհանին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ու նշել, որ համատեղ նախագծերի վերաբերյալ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի որոշումները պետք է կյանքի կոչվեն:

«Իսլամական հանրապետությունը և Հայաստանը պետք է բոլոր հնարավորություններն օգտագործեն` ակտիվացնելու համար երկկողմ հարաբերությունները»,-ասել է նա:

Իրանի նախագահը նշել է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո ուղիներ են նախանշվում տնտեսական համագործակցության ակտիվացման համար, և հավելել է, որ կողմերը «պետք է ջանք չխնայեն Պարսից ծոցն ու Սև ծովն իրար կապելու համար»:

Պարսից ծոցն ու Սև ծովը կարող են կապել կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին և Իրան-Հայաստան երկաթուղին, որը դեռ միայն նախագիծ է:

556 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին կապելու է Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանները, նաև ելք ապահովելով Իրանի համար դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ: Աշխատանքները ֆինանսավորում են Ասիական զարգացման բանկը` $500 մլն, եվրոպական ներդրումային բանկը` $60 մլն, ԵվրԱզԷս հակաճգնաժամային հիմնադրամը` $150 մլն:

Ըստ նախնական ծրագրի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը գնահատվում է 3,5 մլրդ դոլար: Հայաստանը 300 կմ երկարությամբ երկաթուղի պիտի կառուցի մինչև Իրանի սահմանը և մոտ 100 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ ու կամուրջներ, երկաթուղին կունենա 27 կայարան: Ըստ նախագծի` երկաթգիծը սկիզբ է առնելու Գավառի մոտակայքից ու ձգվելու է մինչև Մեղրիի մոտակայքը և միանալու է Հայաստանի կենտրոնական երկաթուղային համակարգին:Երկաթուղով տարեկան նախատեսվում է փոխադրել 18,3 մլն տոննա բեռ:

Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը (CCECC) ցանկություն է հայտնել մասնակցել ՀՀ հարավային երկաթուղու կառուցմանը: Չինական կողմը ներկայացրել է ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ:

Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը»,-ասել էր Իրանը դեսպանը դեռ 2013-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---