Հայոց ցեղասպանությունը քաղաքական տարաձայնությունների պատճառ է դարձել Գերմանիայում

PanARMENIAN.Net - Գերմանիայում լուրջ վիճաբանություն է ծավալվել Գերմանիայի Հայերի կենտրոնական միությաոն (ZAD) եւ Բունդեսթագի «ձախ» խորհրդարանականների միջեւ: Պատճառ է հանդիսացել ձախերի կուսակցությունից պատգամավոր, Գերմանիայի թուրքական համայնքների միավորման նախագահ, քաղաքագետ Հակկի Կեսկինի արտահայտությունը, այդ թվում նաեւ գերմանական «Junge Welt» հանդեսին, որտեղ նա կասկածի տակ է առնում Հայոց ցեղասպանության փաստը: ZAD-ի տարածած հայտարարության մեջ քննադատվում են «ձախերը», նշվում է, որ նրանք քանդել են բոլոր եղած կարծրատիպերը եւ այլեւս չեն հանդիսանում ճշմարիտ սոցիալիստական կուսակցություն` Ռոզա Լյուքսեմբուրգի եւ Կարլ Լիբկնեխտի ավանդույթներով: Այդ առնչությամբ, ZAD-ը կոչ է անում «ձախերին» հրաժարվել Կեսկինից: Սակայն, դրա փոխարեն, ձախերի կուսակցության առաջնորդ Բոդո Ռամելովը լոկ հայտարարել է, թե հնարավոր է, որ իր կուսակցությունն արգելի իր անդամներին հանդես գալ առանձին նման հայտարարություններով: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ կուսակցությունը չի ժխտել հայերի զանգվածային կոտորածները, սակայն հիշեցնում է նաեւ, որ այդ իրադարձությունների ժամանակ զոհվել են նաեւ հազարավոր թուրքեր: Ռամելովը լիովին համերաշխ է Թուրքիայի այն պաշտոնական դիրքորոշման հետ, թե այդ հարցը հարկ է հանձնել պատմաբանների ուսումնասիրությանը, որպեսզի, իր խոսքերով, չլինեն 1915 թվականի իրադարձությունների կամայական մեկնաբանություններ: Ըստ Ռամելովի, ZAD-ի գործողությունները բնութագրվում են ուղղակի որպես արշավ: Ի պատասխան ZAD-ը հարց է տալիս. «միթե մենք, որ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք, գործնականում ոչ մի իրավունք չունենք բողոքել ցեղասպանությունը ժխտող անուղղելի գործիչի դեմ մի երկրում, որը պատմական պատասխանատվություն է կրում ցեղասպանության համար»:



Այժմ Կեսկինը գրեթե ամեն օր հարցազրույցներ է տալիս թուրքական եւ գերմանական հրատարակություններին եւ հեռուստատեսությանը, առավել հաճախ է հնչում 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ նրա դիրքորոշումը: «Շպիգել օնլայն»-ին տված հարցազրույցում Կեսկինը կասկածի տակ է առնում 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստը, ասելով, թե չկան դրա ապացույցները: «Այո, բազում հայեր են զոհվել, սակայն դա չի եղել հայ բնակչության ոչնչացման ծրագրված գործողություն, առավել եւս, որ զոհվել են նաեւ 100 հազար թուրքեր»,-հայտարարել է Գերմանիայի թուրքական համայնքների միության նախագահը: Կեսկինը կողմնակից է Անկարայի պաշտոնական տեսակետին պատմական հանձնաժողով ստեղծելու մասին: Մեկնաբանելով այդ հայտարարությունը, Երուսաղեմում Հոլոքոսթի միջազգային ինստիտուտի նախկին տնօրեն, պրոֆեսոր Յեհուդա Բաուերը նշում է. «Ի՞նչ պետք է ուսումնասիրի հանձնաժողովը: Թուրքիայի արյունալի անցյալը՞: Հայոց ցեղասպանություն եղել է, եւ արդեն որոշ եվրոպական երկրներ ճանաչել են դա»:



Իր հերթին, Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպիկեն ձախ կուսակցությունից «Շպիգել օնլայն»-ին հայտարարել է, որ ակնկալում է Կեսկինից դիրքորոշման ճշգրտում: «Նա պետք է ճանաչի իր պատասխանատվությունը պատմական ճշմարտության համար»,-հայտարարել է նա: Ինչպես նշում է «Stern Shortnews» ինտերնետ հանդեսը, մինչ այժմ թուրք քաղաքական գործիչները պնդում են, որ Ցեղասպանություն չի եղել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Գերմանիային, որը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, անվանելով այդ փաստաթուղթը «սխալ» եւ «վանող», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---