ԱՄՆ զինվորականները սկսել են 2 քրդական ռազմականացված «փեշմերգա» ջոկատների վարժեցումն Իրաքում: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է իրաքյան Էրբիլեում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Մեթիաս Միթմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այս պահին մենք մարզում ենք երկու բրիգադ, որոնց ընդհանուր քանակը 4 հազարի է հասնում: Մենք մտադիր ենք ամբողջությամբ սպառազինել այդ բրիգադները, ներառյալ թեթև հրաձգային ու խոշոր տրամաչափի զենք, գնդացիրներ, զինամթերք և HMMWV (Humvee) զրահամեքենաներ և կազմակերպում ենք նյութատեխնիկական ապահովում»,-ասել է գլխավոր հյուպատոսը:
Ինչպես հայտնել է քրդական կառավարության ներկայացուցիչ Հալգուրդ Հիքմաթը, վարժանքները սկսվել են փետրվարի 28-ին:
«Փեշմերգա» ջոկատների նախապատրաստմանն Իրաքյան Քրդստանում մասնակցում են նաև ռազմական խորհրդատուներ Գերմանիայից և Իտալիայից:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Ահաբեկիչների դեմ պայքարող ուժերից մեկը քրդական ջոկատներն են: