Ազգային բանակը Հայաստանի ամենամեծ նվաճումներից մեկն է

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի ձեւավորման 15-ամյակի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ա.Մարգարյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ եւ զինվորներ, շնորհավորում եմ բոլորիդ մեր ժողովրդի եւ անկախ պետականության ամենանշանակալից տոներից մեկի` Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ: Մեկուկես տասնամյակ առաջ Հայաստանի անկախության հետ ծնունդ առած Հայոց բանակը մեր անկախության ամենամեծ նվաճումներից է: Կազմավորման առաջին տարիներին հայ ժողովրդին պարտադրված արցախյան պատերազմի փորձությունն այն հաղթահարել է` կամավորական ջոկատների անձնազոհ նվիրումի եւ խորհրդային բանակում թրծված կադրային սպաների ու հրամանատարների ռազմագիտական հմտության միաձուլման շնորհիվ: Արցախյան հերոսամարտի փառավոր էջերից մեկը Շուշիի ազատագրումն էր, որի 15-ամյա հոբելյանը եւս նշելու ենք որպես Հայոց բանակի ուժի ու մարտունակության փայլուն վկայություն, համազգային տոն:



Հետագա տարիներին կարճ ժամանակամիջոցում ազգային բանակը կայացման մեծ ճանապարհ է անցել: Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայկական զինված ուժերը ոչ միայն Հայաստանի ու Արցախի, մեր անկախ պետականության պաշտպանության եւ անվտանգության հուսալի երաշխիքն են, այլեւ արժանի մասնակցություն են ունենում միջազգային խաղաղապահ գործընթացներին` անհրաժեշտ փորձ կուտակելով ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:



Շարունակելով ջանքերը մեր երկրի հետագա զարգացման, մրցունակ տնտեսության ստեղծման, պետականության ամրապնդման համար, մենք հստակ գիտակցում ենք, որ դա նաեւ բանակաշինության, զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մարտունակ եւ հզոր բանակի կայացման կարեւոր նախապայմաններից է:



Նշանակալից տոնի առթիվ, շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, ամբողջ ժողովրդին, մաղթում տեւական խաղաղութուն, ոգու ամրություն եւ համազգային միասնություն, ազգային բանակին բարձր մարտունակություն` ի նպաստ մեր պետության եւ ժողովրդի անվտանգ ապագայի»:
 Ուշագրավ
---