Երեւանում բողոքի ցույց է տեղի ունեցել Ռուսաստանում հայերի սպանությունների դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ հունվարի 31-ին տեղի է ունեցել բողոքի ցույց Ռուսաստանում հայերի սպանությունների դեմ: Ցույցին մասնակցել են «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Ազգային ինքնորոշում» միավորման երիտասարդական թեւերի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ 20 մարդ: Պիկետի մասնակիցները ընթերցել են բաց նակամը, որտեղ, մասնավորապես, ասվում է.«Արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանում գլուխ են բարձրացրել ֆաշիստական եւ շովինիստական կազմակերպությունները, եւ «Ռուսաստանը միայն ռուսների համար» ազգայնական կարգախոսի արդյունքում արդեն մի քանի տասնյակ հայեր դարձել են սափրագլուխ ստահակների զոհը: Այդ իրավիճակում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ամեն կերպ փորձում է ներկայացնել այդ սպանություններն որպես կենցաղային երեւույթներ, եւ ոչ մի խոսք չի ասվում ազգային խտրականության եւ այլատյացության մասին: Մենք կոչ ենք անում «այդ ռազմավարական գործընկերներին» առավել հետեւողական լինել իրենց հայտարարություններում եւ պայքարել նման երեւույթների դեմ»: Նամակը թողնվել է Երեւանում ռուսական դիվանագիտական առաքելության փոստարկղում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---